Միգուցե ԵՊՀ ռեկտորի պաշտոնը գործող նախարարի համար ռեզերվային աերոդրոմ է հանդիսանում. Աննա Կոստանյան

Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության Աննա Կոստանյանը անդրադարձավ, իր բնութագրմամբ, Երևանի պետական համալսարանի ճգնաժամային իրավիճակին:

«Հոգաբարձուների խորհրդի 11 անդամները մեկ օրվա մեջ նույն բովանդակությամբ դիմումներ են գրել վարչապետին՝ ազատվելու խորհրդի անդամությունից, ընդ որում՝ առանց որևէ հոդաբաշխ պատճառ նշելու: Սա խոսում է այն մասին, որ բուհերի ինքնավարութունը այսօր շատ տխուր վիճակում է: Այս 11 անձինք հստակ հրահանգվելով՝ դուրս են եկել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդրի կազմից, և նրանց շարքերում՝ փոխնախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ իշխանությունը այսպես արհեստականորեն արգելակում է մայր բուհում ռեկտորի ընտրությունը՝ սպասելով օրենքի ընդունման դեպքում ազատորեն նշանակելու նրանց, ում ցանկանում է:

«Միգուցե ԵՊՀ ռեկտորի պաշտոնը գործող նախարարի համար ռեզերվային այրոդրոմ է հանդիսանում, սա պարզ չէ, բայց այս քայլով ավելի է ծանրացվում արդեն երկու տարի ընտրված ղեկավար չունեցող բուհի դրությունը, այնինչ գործող պատասխանատուի կառավարման օրինականությունը կարելի է վիճարկել: Խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու այս սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային»,-ասաց նա:

Նշենք, որ քիչ առաջ ևս չորս հոգի դիմում ներկայացրեցին խորհրդի անդամությունից հրաժարվելու համար, իսկ խորհրդի անդամների ընդհանուր թիվը 32 է: