Ալիևի հրահանգով` Հայաստանի մոտ 300 քաղաքացու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. մենք Ադրբեջանից հետախուզում ենք ընդամենը ֆուտբոլային մեկնաբանի. Թագուհի Թովմասյան

Մենք պետք է իրավական հակակշիռ ստեղծենք և Ալիևին պատասխանենք իր ոճով։ ԱԺ-ում այս մասին ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Մինչև հիմա Ալիևի հրահանգով` Հայաստանի մոտ 300 քաղաքացիների, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզություն։ Ի՞նչ է արել Հայաստանի դատախազությունը։ Նախ մենք չգիտենք՝ ովքեր են այդ 300-ը, և մարդիկ ուղղակի անակնկալ կերպով կարող են հայտնվել իրավապահների ծուղակում։ Գլխավոր դատախազության կողմից որևէ քայլ չենք տեսել Ադրբեջանի զինված ուժերի, գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով։ Ի վերջո դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել հանցագործություն, իրականացրել է այնպիսի վայրագ գործողություններ, որոնք մերժելի են մի շարք Քրեական օրենսգրքի հոդվածներով, կոնվենցիաներով, անթույլատրելի զենքեր են կիրառվել։ Որևէ հիմքով չունենք Ադրբեջանի ռազմաքաղաքական գործիչների հետախուզում։ Ունենք ընդամենը մեկ հոգու հետախուզում, մենք Ադրբեջանից հետախուզում ենք ընդամենը ֆուտբոլային մեկնաբանի»,-ասաց պատգամավորը։

Պատգամավորը նկատեց՝ հատկապես Բաքվում բացված «պուրակ»-ից հետո մեր ձեռքերն ազատ են՝ դժվարություններ ստեղծելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան տեղաշարժի իրենց ազատ իրավունքից օգտվել։ Թագուհի Թովմասյանի խոսքով՝ դրա փոխարեն մենք խոսում ենք հարևանություն, առևտուր անելու մասին. «Փոխարենը քարերով հարվածում են մեր մեքենաներին և ստացվում է՝ մենք միայն պաշտպանվողի դերում ենք։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք մենք այսքան խեղճացած։ Մենք պատերազմում պարտվել ենք, բայց որևէ այլ դաշտում չենք պարտվել»,-ասաց պատգամավորը։