Ռուսաստանի և Ադրբեջանի զինվորականները սերտ երկխոսություն են վարում «Իսկանդերի» բեկորների թեմայով. Պեսկով

Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերը սերտ երկխոսության ընթացքում քննարկում են Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորների հայտնաբերման վերաբերյալ Բաքվի տեղեկատվության թեման: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Զինվորականների մակարդակով իրականացվում է սերտ երկխոսություն, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք «Իսկանդերի» բեկորների հայտնաբերման թեման բարձրացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում:

Պեսկովը բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինի և Ալիևի զրույցի ընթացքում քննարկվել է նաև նոյեմբերին Հայաստանի երկնքում Ադրբեջանի սահմանի մոտ խփված ռուսական Մի-24 ուղղաթիռի թեման:

Այսօր ավելի վաղ Ալիևը հայտնել էր, թե ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է Շուշիում «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորներ հայտնաբերելու մասին տեղեկատվությունը: Նա ասել է նաև, որ ապրիլի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական խնդրանք է ուղարկել այս թեմայով իր ռուս գործընկերներին: