Ալիևն սպասում է Պուտինի պատասխանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տեղեկատվությունը Շուշիում «Իսկանդեր-Մ» հրթիռի բեկորների հայտնաբերման վերաբերյալ:

«Ես այդ հարցը տվեցի Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, որը տեղի էր ունեցել ապրիլի 1-ին: Ադրբեջանի ժողովուրդը պետք է իմանա պատասխանը: Արդեն անցել է շուրջ երկու շաբաթ»,- ասել է Ալիևը Բաքվում ընթացող կոնֆերանսում:

Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությունը, նա նշել է, որ ապրիլի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՌԴ գործընկերներին:

«Մենք տրամադրել ենք լուսանկարներ, տեսանյութեր և այլ նյութեր և հարց ենք ուղղել. ի՞նչ հրթիռներ են դրանք, և ի՞նչ է տեղի ունեցել: Արդեն անցել է 9 օր, սակայն պատասխան չկա»,- հավելել է Ալիևը: