Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերը դարձյալ օգնություն են խնդրում Փաշինյանից

Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Infoteka24» լրատվամիջոցը հայտնում է, որ զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի շենքի դիմաց:

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զինծառայողներից մեկի մայրը նշել է, որ արդեն հինգ ամիս է, ինչ տեղեկություն չունեն իրենց երեխաների ճակատագրից և օգնություն են խնդրում Հայաստանից:

Նա օգնություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից` գտնելու իրենց երեխաներին, որովհետև Ադրբեջանում ոչ ոք չի արձագանքում իրենց խնդրանքներին:

Փետրվարի 8-ին ևս Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն էին խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: