«AstraZeneca» պատվաստանյութի մասին

Վերջին օրերին աշխարհի տարբեր երկրներից հայտնվում են հաղորդագրություններ «AstraZeneca» պատվաստանյութի կիրառման դադարեցման կամ սահմանափակումների մասին՝ պայմանավորված թրոմբոզներով և դրա հետևանքով առաջացած մահերով:

Վրաստանի կառավարությունը մարտի 19-ից սահմանափակել էր «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը՝ անաֆիլակտիկ շոկի հետևանքով բուժքրոջ մահվանից հետո։ Ապրիլի 8-ին Վրաստանի առողջապահության նախարարությունը որոշում է ընդունել «AstraZeneca»-ն օգտագործել միայն 55-ից բարձր տարիքի մարդկանց համար՝ երբ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հանգեց այն եզրակացության, որ թրոմբների ձևավորումը պետք է ներառվի բրիտանա-շվեդական ընկերության պատվաստանյութի հազվագյուտ կողմնակի ազդեցությունների ցուցակում:

Ավստրալիայում վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ 50 տարեկանից ցածր քաղաքացիները «AstraZeneca»-ով պատվաստում չեն ստանա` պայմանավորված թրոմբների առաջացման ռիսկով, ինչն էլ ստիպում է վերանայել պատվաստման ծրագիրը:

Պորտուգալիան նախատեսում է «AstraZeneca»-ով պատվաստել միայն 60 տարեկանից բարձր քաղաքացիներին: Այս քայլը երկրի առողջապահության նախարարը համարել է պատվաստման ռազմավարության «առանցքը»։

Եվրwպական վերահսկիչ օրգանների այն հայտարարություննից հետո, որ գոյություն ունի հնարավոր կապ «AstraZeneca» պատվաստանյութի և թրոմբների առաջացման միջև, Մեծ Բրիտանիայում առաջարկվեց 30-ից ցածր տարիքի մարդկանց ընդունել այլընտրանքային պատվաատանյութ:

Ապրիլի 7-ին Մեծ Բրիտանիայում արդեն իսկ դադարեցվել են երեխաների շրջանում «AstraZeneca» պատվաստանյութի փորձարկումները, քանի դեռ հետազոտում են մեծահասակների մոտ պատվաստման հետ թրոմբների առաջացման կապը։

Մարտի 11-ին Նորվեգիան դադարեցրել է «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը, իսկ մարտի 17-ին երկրի բժշկական վերահսկիչ մարմինը հայտարարել է, որ վերջնական որոշումը կկայացվի միայն թրոմբոզի հետ պատվաստանյութի կապի մասին հետազոտությունների արդյունքների հիման վրա։

Ֆինլանդիան մարտի 19-ին հայտարարել է «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման դադարեցման մասին՝ մինչ թրոմբոզի երկու դեպքերի հետաքննության ավարտը։ Օգտագործումը վերսկսվել է մարտի 29-ից, սակայն միայն 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։

Դանիան չի վերսկսի «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը, քանի որ մարտի 20-ի դրությամբ երկրում ստացվել է լուրջ հիվանդությունների առաջացման մասին երկու հաղորդում, այդ թվում՝ մեկ մահի վերաբերյալ։

Ապրիլի 9-ին Ֆրանսիան հորդորել է 55-ից ցածր տարիքի անձանց չստանալ AstraZeneca պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։

Մինչդեռ, մարտի 28-ին Հայաստան է ներկրվել Քովիդ-19-ի դեմ բրիտանա-շվեդական արտադրության «AstraZeneca» պատվաստանյութի առաջին 24 հազար դեղաչափ խմբաքանակը՝ բնակչության ռիսկի խմբերի շրջանում պատվաստումներ իրականացնելու համար՝ առանց որևէ սահմանափակման։

Հ.Գ. Նշենք, որ սա Ալյանսը գրել էր նախօրեին: Այսօր ԱՆ-ը հայտարարեց, որ որոշակի տարիքային սահմանափակում են մտցնելու: Սակայն, դեռ մնում են բազում հարցեր, օրինակ.
1. Տեղեկացված համաձայնության թերթիկում, որը ստորագրելու է պատվաստվողը, ներառված լինելո՞ւ է թրոմբոզի և դրանից մահվան բարդության մասին տեղեկատվություն:
2. Ինչպես Ավանեսյանն է նկարագրում, արդյո՞ք բուժաշխատողները զգուշացնելու են պատվաստվողներին՝ թրոմբոզի ու հնարավոր մահվան կողմնակի ազդեցությունների մասին:

Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն