Ռազմագերիների թեման Նիկոլ-Ալիև զուգախաղի, դուետի հերթական արարն է լինելու. Արմեն Աշոտյան

Ռազմագերիների խնդիրն առաջացել է Նիկոլ Փաշինյանի անձնական մեղքի, անձնական սխալի, անձնական դավաճանության հետևանքով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս պարտավոր էր ամրագրել գերիների փոխանակման վերջնաժամկետ:

Նա հիշեցրեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրեր առաջ հրապարակել էր եռակողմ հայտարարության միջանկյալ մի նախագիծ, որտեղ կար ժամկետ, գրված էր, հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն վերջնական տարբերակում դա չի եղել:

Աշոտյանը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է կատարեր այդ հայտարարությամբ սահմանված ժամանակացույցը, մինչև գերիների վերադարձը տեղի չունենար. «Երրորդ, նա գերիների հարցով Հայաստանի բոլոր խաղաքարտերը բացեց և արտահանձնեց անգամ Քելբաջարում մարդասպանության համար դատված, նստած ադրբեջանցի «ուգալովնիկներին», որոնք բացարձակ ռազմագերի չէին, մարդասպաններ էին: Նա մտավ հաղորդակցությունների ապաշրջափակման բանակցությունների մեջ առանց գերիների վերադարձի կետի կատարման: Ինչու նա տվեց ճշգրտությամբ բոլոր հողերը, հազարավոր կիլոմետրեր՝ առանց Ադրբեջանից ստանալու մեր տղաներին»:

Աշոտյանը հայտարարեց, որ առնվազն քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան, քանի որ իր բոլոր գործողությունները դավաճանական են. «Անգամ եթե մարդը ապուշ է, գիժ է, ապիկար է, գոնե մեկումեջ ճիշտ քայլեր կաներ: Իր գործողությունների ամբողջ ընթացքում կայուն տպավորություն է թողնում, որ այս ամենը իր քաղաքական կամքի հետևանքն է»,-ընդգծեց Աշոտյանը:

«Ռազմագերիների թեման Նիկոլ-Ալիև զուգախաղի, դուետի հերթական արարն է լինելու: Ես վստահ եմ, որ երբ Հայաստանը թևակոխեց նախընտրական փուլ, ինչ-որ քանակի ռազմագերիներ Ալիևը կուղարկի Երևան, որ Նիկոլի վարկանիշը բարձրացնի»,-ասաց Աշոտյանը: