Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի 3-րդ ալիքը․ վարակման դեպքերի թիվը գերազանցել է 288 000-ը

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությանը։

«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի՝ չվերածվելով լայնամասշտաբ համաճարակի», – ասել է կենտրոնի ղեկավարը:

Ըստ Ամիրան Գամկրելիձեի՝ վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի դրանից, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

Ըստ վերջին տվյալների, Վրաստանում, որի բնակչությունը կազմում է շուրջ 4 միլիոն մարդ, կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 288 հազար դեպք, որից 3877-ը` մահվան ելքով։

Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակման 707 նոր դեպք։

Լրատվականը հիշեցրել է, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին, որից երեք օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է AstrZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը։