Մերկելը չեղարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գրանցումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի անունով հակակորոնավիրուսային պատվաստանյութ ստանալու նպատակով գրանցում է կատարվել, որը, սակայն, կարճ ժամանակ անց չեղարկվել է, գրում է տեղական Bild հրատարակությունը:

Համաձայն Doctolib նշանակումների և ուղղորդման գերմանական հարթակի՝  կորոնավիրուսի դեմ Մերկելի առաջին պատվաստումը նախատեսվում էր կատարել կիրակի` նախկին Բեռլին-Տեմպելհոֆ օդանավակայանի տարածքում գտնվող կենտրոնում:

Գրանցման չեղարկման պատճառը, ըստ գերմանական հրատարակության, կարող է լինել Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔՍՄ) կուսակցությունների ղեկավարության հանդիպումը, որի ժամանակ, մասնավորապես, քննարկվել է, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը Բունդեսթագի առաջիկա ընտրությունների ժամանակ:

Այս տեղեկատվության վերաբերյալ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտն ասել է,  որ «առաջիկայում կանցլերը կպատվաստվի և այդ մասին կտեղեկացնի հասարակությանը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մերկելն ասել էր, որ ինքը պատրաստվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ այն ժամանակ, երբ իր հերթը հասնի: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով նրա տարիքը (66 տարեկան), նա արդեն կարող է դիմել պատվաստանյութ ստանալու համար: