Էրդողանն ահաբեկված է, բայց կեղծավորաբար փորձում է համոզել, հավատացնել, թերևս նաև կաշառել Պուտինին

Թուրքիային բավականաչափ ծանոթ յուրաքանչյուրին հայտնի է, թե նրա տնտեսության և, ընդհանրապես, ողջ երկրի համար որքան մեծ նշանակություն ունի զբոսաշրջությունը: Հայտնի է նաև, որ Թուրքիան իր զբոսաշրջային բիզնեսով շահույթներ է ստանում ու նաև այլ առումներով շահում հատկապես ռուսաստանցի զբոսաշրջիկների հաշվին: Հիմա, սակայն, Թուրքիայում կորոնավիրուսային հանավարակի նոր ալիքի հետևանքով Ռուսաստանը նույնպես կարող է արգելել իր զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա, ինչպես ավելի վաղ իրենց զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա արգելել են Չինաստանը և Իրանը:

Ռուսաստանի կառավարությունը Թուրքիայում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով կարող է արգելել իր քաղաքացիներին զբոսաշրջային նպատակով այցելել Թուրքիա: Այս կարծիքն են հայտնել «Տուրպրոմ»‰ պորտալի փորձագետները ՝ վկայակոչելով Թուրքիայից ռուսների կողմից կորոնավիրուսի նոր շտամներ ներկրելու վերաբերյալ տվյալները:

Փորձագետները նշում են, որ կառավարությունը գործողությունների մի քանի տարբերակ ունի: Առաջինը Թուրքիայի հետ օդային երթևեկության լիակատար արգելքն է: Ըստ նրանց, այս պարագայում հետևանքները զբոսաշրջության ռուսաստանյան բիզնեսի համար նույնպես աղետալի կլինեն. Ընկերությունների մեծ մասը կարող է սնանկության առջև կանգնել, քանի որ հանգստավայրերի ուղեգրերը մի քանի ամիս առաջ արդեն վաճառել են:

Երկրորդ տարբերակը Թուրքիայից ժամանող զբոսաշրջիկների համար պարտադիր երկշաբաթյա կարանտինի ներդրումն է:

Փորձագետները խնդրի լուծման մեկ այլ հնարավոր միջոց համարում են այլ երկրներ մեկնող ռուսների պարտադիր պատվաստումը, որից հետո նրանց նրանց տրված պատվաստման անձնագիրը (Ռուսաստանում այն անվանում են նաև կովիդային անձնագիր) կդառնա անհրաժեշտ փաստաթուղթ սահմանները հատելու համար:

«Ռուսաստան ներկրված COVID-19 շտամների ամենանշանակալի քանակը բերվել է հենց Թուրքիայից, ընդ որում, խոսքը գնում է մուտացված շտամների մասին՝ բրիտանական և հարավաֆրիկյան,- օրերս հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:- Եվ հիմնականում մեր զբոսաշրջիկներն են, որ վիրուսը բերում են Թուրքիայից»:

Ապրիլի 7-ին Թուրքիան ճանաչվեց որպես համաճարակաբանական վտանգավոր երկիր՝ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի բարձր աճի պատճառով: Ինչպես նշել են փորձագետները, վերջերս երկրում նկատվում է COVID-19-ի նոր բռնկում: Չինաստանն արդեն իսկ արգելել է զբոսաշրջային ​​ուղևորությունները դեպի Թուրքիա, ավելին` միաժամանակ չեղյալ է համարել «Turkish Airlines» ավիաընկերության չվերթերը դեպի իր տարածք: Ավիահաղորդակցության ամբողջական դադարեցման մասին հայտարարել է նաև Իրանը:

Ռուսաստանի իշխանությունները մտածում են ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Թուրքիա այցելություններն արգելելու մասին: ՌԴ-ում համաճարակաբանական իրավիճակը քննարկվել է Ռուսաստանի օպերատիվ շտաբի երեկվա նիստում: Ապրիլի 8-ին շտաբը հաշվարկել է, թե քանի մարդ կարող է դուրս բերել Թուրքիայից: Վերջնական որոշում չի կայացվել: Իշխանությունները որոշել են «դեռ չփակել Թուրքիան»:

Հետագայում համապատասխան գերատեսչություններից մեկի աղբյուրը «Forbes»-ին հայտնել է, որ կառավարությունը քննարկում է Թուրքիայի հետ չարտերային և կանոնավոր չվերթերի փակման հարցը, ապա հավելել, թե հնարավոր է, որ բոլոր նրանցից, ովքեր Թուրքիայից վերադառնում են Ռուսաստան, պահանջվի երկշաբաթյա կարանտին անցնել:

«Վարչապետի որոշումը սպասելի է», – ասել է նա:

Գլխավոր շտաբը ղեկավարող փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հրաժարվել է մեկնաբանություններ տալ:

Թուրքիայից վերադարձող բոլոր ռուսաստանցիների համար երկշաբաթյա կարանտինի սահմանման տարբերակը չնայած պաշտոնապես չի արգելի դեպի Թուրքիա զբոսաշրջությունը, սակայն փորձագետների կարծիքով, որոնց դիմել է «Турпром» հրատարակչությունը, իրականում առնվազն 90%-ով կնվազեցնի Թուրքիա զբոսաշրջության ծավալները:

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ապրիլի 9-ին ասել է, որ Ռուսաստանը պետք է նվազեցնի կորոնավիրուսի նոր շտամներ ներմուծելու ռիսկերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ COVID-19-ի նոր ալիք այժմ դիտվում է եվրոպական 30 և այլ երկրներում: Նրա խոսքով, որպեսզի այդ ալիքը մուտք չգործի Ռուսաստան, իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն, հատկապես, հաշվի առնելով առաջիկա մայիսյան արձակուրդները, որոնք ռուսները պատրաստվում են անցկացնել նաև արտերկրում:

Ապրիլի 6-ին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կառավարությանն առընթեր Համակարգող խորհրդի նիստում «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան նշել է, որ Թուրքիայում համաճարակաբանական իրավիճակն ավելի է բարդացել. Թուրքիայում մարտի կեսերից կորոնավիրուսով վարակվածների քանակն աճել է ավելի քան 40% -ով:

Բացի այդ, հավելել է Պոպովան, մարտի 29-ից սկսած, Թուրքիայի իշխանությունները հայտարարել են ավելի խիստ սահմանափակումների մասին:

«Ես կցանկանայի նշել, որ ինչպես բրիտանական, այնպես էլ հարավաֆրիկյան տարբերակները բերվել են տարբեր երկրներից, բայց միայն Թուրքիայից ենք մենք ներմուծել երկու տարբերակները տարբեր մարդկանց կողմից և տարբեր ժամանակներում,- «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը:- Այնտեղ իրավիճակը շարունակում է վատթարանալ, և դա չի կարող մեզ չանհանգստացնել: Մենք համաճարակային ռիսկ հետ կապված իրավիճակը շարունակում ենք հատուկ հսկողության տակ պահել՝ ելնելով այն բանից, որ ավիաուղևորների ամենամեծ քանակը ամբողջ երթևեկի մասնաբաժնում գալիս է հենց Թուրքիայից»:

Պոպովան հավելել է, որ Թուրքիայում իրավիճակն այժմ նման է Մեծ Բրիտանիայում անցյալ տարեվերջին տեղի ունեցածին, որից հետո Ռուսաստանը դադարեցրել է Միացյալ Թագավորություն երկկողմանի թռիչքները, այնուհետ մի քանի անգամ երկարացրել թռիչքների արգելքը, որոշումներից վերջինով արգելքը երկարացվել է մինչև ապրիլի 16-ը:

Այնուհանդերձ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ օտարերկրյա զբոսաշրջիկների անվտանգությունը Թուրքիայի քաղաքականության առաջնահերթություններից է, փորձել է համոզել ու հավատացնել, որ Թուրքիան ամեն ինչ անում և անելու է նրանց առողջության պահպանման համար: Թե ինչպե՞ս, անհայտ է… Եթե Թուրքիան ի վիճակի լիներ դա անել, տրամաբանական է, որ կաներ նաև իր քաղաքացիների, իր երկրի բնակիչների համար: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները պայմանավորվել են կապեր պահպանել` Ռուսաստանից զբոսաշրջիկների առողջությունը պաշտպանելու համար:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել ամենասերտ շփումները մասնագիտացված կառույցների միջև, այդ թվում `Թուրքիա այցելող Ռուսաստանի քաղաքացիների առողջության պահպանման նպատակով»,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ուշագրավ է, որ Էրդողանը փորձել է յուրովի կաշառել Պուտինին` անուղղակիորեն ակնարկելով, հասկացնելով, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Թուրքիան չփակելու դեպքում իր երկիրը պատրաստ է ռուսական «Спутник V» պատվաստանյութ գնել (խոսքն, անշուշտ, մեծ քանակների մասին է) և նույնիսկ Թուրքիայում կազմակերպել դրա արտադրությունը: Համենայն դեպս, պաշտոնական տեղեկատվության համաձայն, կողմերը պայմանավորվել են նաև ընդլայնել համագործակցությունը COVID-19-ի դեմ պայքարում, այդ թվում` «Спутник V»-ի մատակարարման և Թուրքիայում դրա հնարավոր արտադրության հարցում:

Զբոսաշրջության շուկայում «Կոմերսանտ»-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ Թուրքիայի հետ չվերթների դադարեցման տնտեսական և քաղաքական բարձր ռիսկերի պատճառով որոշումը պետք է կայացվի ՌԴ նախագահի մասնակցությամբ:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել առնվազն մինչև Թուրքիայում COVID-19-ով հիվանդացության անկումը, անհապաղ դադարեցնել այդ  հետ ավիահաղորդակցությունը: Ըստ Ժիրինովսկու, եթե դա չարվի, ապա Թուրքիայից վերադառնալիս զբոսաշրջիկները վիրուսը կբերեն երկիր, ինչը կհանգեցնի նոր բռնկման:

«Միջոցներ ձեռնարկեք, փակեք օդային դարպասները դեպի ցանկացած երկիր, որտեղ հիվանդացության բռնկում է սկսվել»,- գրել է նա թելեգրամի իր էջում:

Ընդգծենք, որ Թուրքիա ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքի արգելքը կարևոր է նաև Հայաստանի ու նրա բնակիչներիս համար, քանի որ Ռուսաստան կորոնավիրուսի բրիտանական և հարավաֆրիկյան շտամների ներթափանցման մեծաքանակ դեպքերի և ՌԴ-ում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում Ռուսաստանից եկող մեր հայրենակիցների միջոցով վիրուսի այդ շտամները կարող են մուտք գործել նաև ՀՀ, ընդ որում, զանգվածաբար, եթե, իհարկե, Հայաստանում դրանք արդեն չկան: Ախր գիտենք, չէ՞, թե դավաճան Նիկոլի իշխանությունն ինչպես է պայքարել ու պայքարում ՀՀ կորոնավիրուսի ներփափանցման դեմ, իրականում կարգապահությունը, հսկողությունն ինչ վիճակում են:

 

Արթուր Հովհաննիսյան