Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. Արցախի ԱԳՆ-ը՝ Մարաղայի ջարդերի մասին

Ադրբեջանի կողմից Մարաղայում հայերի նկատմամբ իրականացրած ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է,

«Ապրիլի 10-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցը:

Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։
Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական  մակարդակով:
Մարդկության և մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և պետք է դատապարտվեն։
Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ»։