Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Ասկերանի բնակիչներին և բուժկետին

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված հումանիտար օգնության առաքումը Ասկերանի շրջանի Վարդաձոր բնակավայր: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ը:

Հումանիտար ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, սնունդ պատրաստելու գազայրիչներ և այլ գույք են փոխանցել Վարդաձորում բնակվող 15 բազմանդամ ընտանիքի:

Ընտանիքներին օգնելուց բացի, առաջնային ախտորոշման, որակյալ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ սարքավորումներ՝տոնոմետր, սրտի մոնիտոր, արյան գլյուկոզայի չափիչ, ջերմաչափեր, բժշկական գույք և այլ իրեր են փոխանցել գյուղի առաջնային բուժօգնության և մանկաբարձական  բուժկետին:

Շաբաթվա ընթացքում Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմը երկու մարդասիրական գործողություն է իրականացրել, որի ընթացքում տեղի բնակիչներին է փոխանցվել ավելի քան 1 տոննա անհրաժեշտ իրեր, դեղեր և սննդի պարագաներ: