Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին ՊՆ մուտքը․ նրանք դժգոհ են ԳՇ պետի հետ հանդիպումից

Քիչ առաջ ավարտվեց անհետ կորած զինծառայողների, գերիների հարազատների և Գլխավոր շտաբի պետի ու  ՊՆ այլ ներկայացուցիչների հանդիպումը ։

Ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից հետո, ՊՆ շենքից դուրս եկած քաղաքացիները լրագրողների հետ զրույցում ասացին, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից։

«Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, առավել ևս ԳՇ պետը։ Նա ասում է, որ իր իրավասությունների մեջ չի մտնում, որ  հնարավոր է ինչ–որ հարցի լուծում գտնել։ Ակնկալիք չկա իրենցից, ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց աշխատանքը չհասկացանք, թե որն էր»,– ասաց  հարազատներից մեկը։

Չնայած այդ ամենին, անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները բացել են երեկվանից փակ պահած ՊՆ շենքի մուտքի դարպասը։

Հիշեցնենք՝ նախօրեից անհետ կորածների հարազատները փակ էին պահում ՊՆ շենքի մուտքը։ Նրանք պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն նրանց հետ որևէ մեկը չէր հանդիպել։

Երեկ երեկոյան նրանց էին  միացել նաև գերիների հարազատները, որոնք տեղեկություն էին ստացել, որ իրենց որդիները վերադառնալու են ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովին Բաքվից Երևան տեղափոխող օդանավով, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ օդանավով Երևան է ժամանել միայն Մուրադովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ նախատեսվում է գերիների վերադարձ, մինչդեռ Ռուստամ Մուրադովը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ գերիների վերադարձ պլանավորված չի եղել, իսկ իր այցը՝ պլանավորված։