Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 25–ին. այս տարի միջոցառումներ նախատեսված չեն

Նիկոլ Փաշինյանի իշխանության հեղինակած տոնը՝ Քաղաքացու օրն այս տարի կնշվի ապրիլի 25–ին։ Թեեւ ըստ օրենքի՝ Քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, սակայն հաշվի առնելով, որ տոնն այս տարի համընկել է ապրիլի 24–ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ, այն կնշվի կիրակի։

NEWS.am–ը դիմել էր կառավարությանը՝ պարզելու արդյոք այս տարի օրվա խորհրդով պայմանավորված մայրաքաղաքում կամ մարզերում միջոցառումներ նախատեսվում են։ Ի պատասխան՝ կառավարությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ Քաղաքացու օրվա հետ կապված որեւէ միջոցառում նախատեսված չէ։

Նշենք, որ նախորդ տարի կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված` Քաղաքացու օրը զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպվել:

Փաշինյանի կառավարության հեղինակած տոնը հեղափոխությունից հետո պետական մակարդակով նշվել է մեկ անգամ՝ 2019–ի ապրիլի 27–ին։ Այդ օրը մայրաքաղաքում եւ մարզերում անցկացվեցին հեղափոխության թեմայով ցուցահանդեսներ, հանրային քննարկումներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց Մաշտոցի պողոտայով, լուսանկարվեց քաղաքացիների հետ, խորոված արեց։ Քաղաքացու օրվա միջոցառումների կազմակերպման համար 2019-ին կառավարությունը 124 մլն դրամ էր հատկացրել։ Այս տարի, հավանաբար, իշխանությունները որոշել են ռիսկի չգնալ եւ պատերազմից դեռ ուշքի չեկած եւ սոցիալական լուրջ խնդիրների առջեւ հայտնված հանրության տրամադրությունները չսրել 2018–ի հեղափոխության հետ ասոցացվող տոնով։