Ալիևը չի կարող իշխանությունը պահել առանց նոր պատերազմի, իսկ նոր պատերազմ չի կարող անել, որովհետև հիմա կան խաղաղապահներ. Միքայել Մինասյան

Ղարաբաղը պարտություն էր բոլորի համար, դուք մտածում եք արցախյան հարցը լուծվե՞լ է: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Նա նշեց՝ տեղի ունեցածից, բացի ՀՀ-ից և Արցախի Հանրապետությունից, որը փաստացի գոյություն չունի, ոչինչ չեն շահել նաև Իրանը և Ադրբեջանը։

«Ես Ադրբեջանում մեծ խնդիրներ եմ կանխատեսում։ Իլհամ Ալիևը չի կարող իշխանությունը պահել առանց նոր պատերազմի, նոր պատերազմ չի կարող անել, որովհետև եթե նախկինում ուներ հայ զինվորներ, որոնց միջազգային հանրությունը հանդուրժում էր, որ մեկ-մեկ կարելի է կրակել, այսօր ունի ռուս խաղաղապահներ։ Ի՞նչ ունի նա, չլուծված հարց և ռուսական զինված ուժեր»,-նշեց նա։

Անդրադառնալով Ռուսաստանին՝ Միքայել Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանում հակառուսական այնպիսի քաոս է սկսվել, որ քանդելու է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։ Նա ընդգծեց՝ դիվանագիտական 30 տարվա աշխատանքը, այդ թվում՝ ռուսական կողմի, զրոյացավ մեկ օրում։

«Ի՞նչ շահեց ՀՀ-ն, ի՞նչ շահեց Ադրբեջանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան՝ խոսում եմ համանախագահների մասին։ Միակը, որը շահեց, նեոօսմանյան կայսրությունն էր, որը վերադարձավ Կովկաս։ ՌԴ-ի ու Հայաստանի «շահը» օսմանցիների վերադարձն էր Կովկաս և, անշուշտ, նաև Ղարաբաղ»,-ասաց նա։