Չի համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ-ը պատասխանել է Tert.am-ի` ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահի` ԼՂ կարգավորման մասին հայտարարության վերաբերյալ հարցին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Tert.am-ի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության վերաբերյալ հարցին:

Հարցը հնչել է հետևյալ կերպ.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռ. Հոգլանդը հայտարարել է, որ, իբր, ռուս համանախագահ Ի. Պոպովն իրեն ասել է, որ նույնիսկ եթե հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնեն Ս. Լավրովի ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ գաղափարների հետ, ռուսական կողմը չի համաձայնի դրանց իրականացմանը: Որքանո՞վ է այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը»:

«Բացարձակապես չի համապատասխանում: Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորման այն տարբերակին, որին հավանություն կտան հակամարտության կողմերը: Այս մասին բազմիցս խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: Այս դիրքորոշումը որոշիչ է Ռուսաստանի համանախագահության աշխատանքում:

Թե ինչով է առաջնորդվել Ռ. Հոգլանդը, որ այդպիսի հայտարարություն է արել, չեմ պատրաստվում գուշակել:

Ցանկանում եմ ընդգծել, որ կարգավորման առաջարկների փաթեթը, բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հռչակագրից, ներառում էր նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը դրան աջակցելու մասին: Այս երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակվա ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասն տեղեկացված  էին մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, և որին նրանք լիովին աջակցում էին»,-պատասխանել է Զախարովան: