Դժոխքի «շքերթը» շարունակվում է արդեն 1067/194/150 օր

Հայաստանի իշխանություններին հուզում են ոչ թե մեր հանրության առջև ծառացած խնդիրները, այլ միայն դրանց դրսևորումները։ Քանի դեռ գերության մեջ գտնվող և անհետ կորած մեր հայրենակիցների ծնողներն ու հարազատները չեն կազմակերպում բողոքի ակցիաներ, չեն փակում պետական մարմինների շենքերի մուտքերն ու միջպետական ճանապարհները, ոչ ոք չի ուզում հիշել անգամ, որ նման խնդիր գոյություն ունի, որին պետք է լուծում տրվի։ Իսկ եթե նրանք քննադատեն իշխանության ընդդիմախոսներին, ապա, իշխանությունների համար միգուցե, ավելի լավ, որ կան նման վիճակում գտնող մարդիկ։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից անցել է 150 օր ու մինչ այժմ հայտնի չի, թե քանի մարդ է զոհվել պատերազմում, քանիսն են համարվում անհետ կորած ու քանիսն են գտնվում գերության մեջ, դա կարծես ոչ մեկին չի հետաքրքրում։ Հայաստանի տարբեր քաղաքների դիահերձարաններում դեռևս մնում են զինվորների չճանաչված մասունքներ, իսկ պաշտոնյաները 150 օր հետո ոչ միայն չեն կարողանում ասել թե ում, այլև քանի հոգու են դրանք պատկանում։ Եռաբլուր զինվորական Պանթեոնը վերածվել է քաղաքային գերեզմանատան․ գրեթե ամեն օր այնտեղ հուղարկավորություններ են կազմակերպվում պատերազմի դադարից 150 օր շարունակ։ Իշխանությունները կործանել, ջարդել ու ոչնչացրել են ոչ միայն մեր պետությունը, այլև նրա քաղաքացուն։ Ընդամենը երեք տարի առաջ հասարակ թվացող երևույթների հանդեպ անհանդուրժող քաղաքացիներն այսօր վերածվել են խեղճ ու թշվառ արարածների, իսկ նրանց այդ վիճակի մեջ դրած իշխանություններն օգտվում են նրանց անօգնական վիճակից՝ ատամներով պահելով իրենց սեփական բարեկեցությունն ու անվտանգությունը երաշխավորող իշխանությունը․ այն իշխանությունը, որի յուրաքանչյուր օրը բերում է մահ, անդառնալի կորուստներ, ավերածություններ և անլուծելի խնդիրներ, որոնք ո՛չ իրենք են կարողանում լուծել, ո՛չ էլ թողնում են, որ հասարակության կարող ուժերը փորձեն հաղթահարել։ Դժոխքի «շքերթը» շարունակվում է արդեն 1067/194/150 օր։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից