Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր առավոտյան դեռ գտնվում էր Երևանում. Ավանեսյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր առավոտյան դեռ գտնվում էր Երևանում, – այս մասին «Փաստինֆո» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Նկատենք, որ այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է խնդրել Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Բաքվից ինքնաթիռը Երևան է ժամանել դատարկ՝ չտեղափոխելով որևէ ռազմագերի, թեև ռուսական խաղաղապահների ինքնաթիռը հենց այդ նպատակով էր ուղևորվել Բաքու։ Ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել ,է թե իրենց մոտ գերիներ չկան, և Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ներկայացրել են որպես դիվերսանտներ։

«Փաստինֆո»-ն փորձեց ԱՀ նախագահի աշխատակազմից տեղեկանալ, թե արդյոք Ա. Հարությունյանը ևս մտադիր է մասնակցել Փաշինյան-Մուրադով հանդիպմանը, ինչին ի պատասխան ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, տեղյակ չէ, ակնկալվում է արդյոք Փաշինյանի ու Մուրադովի հանդիպումը, թե ոչ:

Նշենք, որ գերիների հնարավոր վերադարձի մասին երեկ հայտարարվել էր նաև պաշտոնապես՝ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից։