ՀՀ-ը չի դիտարկվում «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամից ֆինանսավորում ստանալու համար․ ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամից ֆինանսավորում ստանալու համար չեն կարող դիտարկվել այն երկրները, որտեղ մեկ շնչի հաշվով եկամուտը գերազանցում է Համաշխարհային բանկի դասակարգման սանդղակում միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների եկամտային շեմը։ Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Այս պահին Համաշխարհային բանկի դասակարգմամբ՝ Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում է»,- ասվում է պատասխանում։

Tert.am-ը հարցում էր ուղարկել պարզելու համար, թե արդյոք Հայաստանը 2018 թվականից ի վեր դիմել է «Հազարամյակների մարտահրավեր» հիմնադրամին ֆինանսավորում ստանալու համար։

Հիշեցնենք, որ 2018թ հեղափոխությունից հետո «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի խորհուրդը Հայաստանում ծրագիր իրականացնելու համար համապատասխան որոշում կկայացնի։ Ըստ նրա՝ որոշման հիմքում ոչ այնքան քաղաքական ցանկությունը պետք է լիներ, որքան տեխնիկական պատկերը:

«Հաշվի են առնվում այն ցուցանիշները, թե ինչքանով է երկիրը համապատասխանում միջազգային չափանիշներին: Այս տեսանկյունից մենք խնդիր ունենք կոռուպցիայի մակարդակի առումով: Մենք վատ ցուցանիշներ ունենք ամրագրված»,- ասել էր նա՝ նշելով, որ եթե Հայաստանի իշխանությունները, քաղաքացիական հասարակությունը ծանրակշիռ փաստեր ներկայացնեն, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է, կոռուպցիայի մակարդակն արմատապես նվազել է, հնարավորություն կա շարունակել ծրագիրը։