Մերկելը Պուտինին հորդորել է նվազեցնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմաններին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հորդորել է կրճատել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ, «Գազետա ռու» տեղեկացմամբ, ասյ մասին հայտարարություն է տարածել Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկա Դեմերը։

«Զրույցի թեման, ի միջի այլոց, Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացումն էր Ուկրաինայի արևելքում: Կանցլերը պահանջել է հրաժարվել զորքերի այս ուժեղացումից՝ դեէսկալացիայի հասնելու համար», – ասել է Դեմերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինն ու Մերկելը քննարկել են Կիևի սադրիչ գործողությունները Դոնբասում:

Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի, Կանադայի, Լիտվայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել և քննարկել Ռուսաստանի ենթադրյալ «ռազմական գործունեության աճը» Ուկրաինայի սահմանների մոտ: Հանդիպումը, որին մասնակցում էին Միացյալ Նահանգների Պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ամանդա Դորին և ՆԱՏՕ-ի անդամ այս երկրների գործընկերները, անցկացվել էր առցանց: