Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աղավաղվել է պատմամշակութային շենքի արտաքին տեսքը. հայտարարություն

Էջմիածնի քաղաքապետարանը իրականացրել է մի նախաձեռնություն, որով աղավաղել է պատմամշակութային շենքի արտաքին տեսքը։ «Արթուր Թարխանյան» մշակութային կենտրոնի անձնակազմը այս առիթով հայտարարություն է տարածել. «Օրերս համացանցում, մասնավորապես Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում, հայտնվեց մի հրապարակում, որը մեզ ծայրաստիճան վրդովեցրեց։  Նեղ և ոչ մասնագիտական շրջանակներում անցկացված քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ, խեղվել է պատմամշակութային նշանակության շենքերից մեկի արտաքին տեսքը։

«Արթուր Թարխանյան» մշակութային կենտրոնը, խիստ դատապարտում է այս շենքի վրա արված փոփոխությունը, և առաջարկում օր առաջ ապամոնտաժել դրանք։

Էջմիածինը՝ Հայաստանի պատմական կարևոր նշանակություն ունեցող հնագույն քաղաքներից է, այստեղ է գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝  ողջ հայության հոգևոր և մշակութային կենտրոնը։ Էջմիածինն իր ներկա քաղաքաշինական տեսքը ստացել է 20-րդ դարի ընթացքում։ Այստեղ են աշխատել բազմաթիվ հայտնի ճարտարապետներ, որոնք շենքերը նախագծելիս հատուկ ընտրել են՝ զուսպ և լակոնիկ ոճ, որը երկխոսում է հայկական միջնադարյան ճարտարապետության հետ։ Եվ՛ շենքերի բարձրությունը, և՛ ծավալային չափերն ընտրված են այնպես, որ չխամրեցնեն հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնող ճարտարապետական կառույցների և եկեղեցիների հետ։

Ցանկացած միջամտություն Էջմիածնի գլխավոր քաղաքաշինական առանցքը ձևավորող շենքերին՝ անընդունելի է։ Սակայն, այսօր մենք տեսնում ենք քաղաքապետարանի կողմից իրականացված անհասկանալի մի նախաձեռնություն, որը հնարավոր չի դրական գնահատել ո՛չ ճարտարապետական, ո՛չ էլ գեղարվեստական տեսանկյունից։

Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է շտապ կանգնեցնել այս գործընթացը, իսկ հետագայում նախքան նման նախաձեռնություններ իրականացնելը, համաձայնեցնել՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի և Ճարտարապետների պալատի հետ։

Մենք պարտավոր ենք մեծ հարգանքով և զգուշությամբ մոտենալ արդեն իսկ ձևավորված պատմամշակութային միջավայրերին, գործադրել բոլոր ջանքերը՝ մեզ հասած պատմական ժառանգության պահպանման համար»,-նշված է հայտարարության մեջ: