Ապրիլյան պատերազմի ժամանակ ամենավատ դերակատարներին Փաշինյանը պաշտոնների է նշանակել, ինչո՞ւ. Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի շրջանակներում կա բավարար նյութ, որպեսզի Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցվի, և այդ քրեական գործի շրջանակներում նա ստիպված լինի պարզաբանումներ տալ, ինչու է այդպես վարվել 2016 թվականին և ինչում է մեղավոր։

«Նույնը կա նաև վերջին պատերազմի ժամանակ։ Կարծում եմ՝ իշխանությունը մերժեց մեր առաջարկը՝ պարիտետային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որովհետև բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի՝ պետական ռեսուրսը ոչ արդյունավետ օգտագործելու, զենքեր գնելու, որոնք մենք չէինք կարող օգտագործել, կրճատել են զինվորական ստորաբաժանումները և երկիրը պատրաստել են պարտության, այդ ամենը արվել է  Արտակ Դավթյանի ԳՇ պետ եղած ժամանակ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը։

Նա նաև ցավով արձանագրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ամենավատ դերակատարները հետախուզության վարչության պետ՝ Արշակ Կարապետյանն է եղել,  որը հեղափոխությունից հետո նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի խորհրդական, և օպերատիվ վարչության պետը։

«Օպերատիվ վարչության պետը նշանակվել է Գլխավոր շտաբի պետ, սա մեր պետության համար խայտառակություն է։ Պետք է Փաշինյանին հարցնենք, թե ինչու են այդ մարդկանց պաշտոնների նշանակել»,- հավելեց պատգամավորը։

Նա նաև ընդգծեց, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահն իրավունք չունի ելույթով ներկայացնել արձանագրած արդյունքները, պետք է լինի զեկույց, որը պետք է ներկայացվի ԱԺ-ին, լինի փաստաթուղթ և այն ներկայացվի ԱԺ-ին։