Հանրությունը պետք է հետևողական լինի՝ 13 տարվա թունավորման պատասխանատուներին պատժելու գործում. Վիկտոր Սողոմոնյան

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումներ սկսելուց ի վեր, թե մեր իրավաբանական թիմը, թե իրենց հարգող իրավաբաններն ասում էին՝ այս գործը պարզապես մտացածին է ու անգրագետ կարված»,-լրատվամիջոցների հետ զրույցում, մեկնաբանելով ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի արդարացման փաստը, ասել է ՀՀ երկրոդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա խոսքով, 13 տարի  շարունակ  Հայաստանի հանրությանը պառակտել են, թունավորել են այն մտքով, որ նախկին իշխանությունները նախագահ Քոչարյանի կառավարման վերջին օրերին սպանդ են կազմակերպել, սահմանադրական կարգ են տապալել, ժողովրդի ձեռքից խլել են իբր իրենց թեկնածուի հաղթանակը։

«13 տարի հանրությունը սրանով թունավորվել է։ Արվել է նպատակաուղղված։ Սրա վրա մեծ միջոցներ են դրվել։ Ինչպես հիմա մենք տեսնում ենք ցուցիչներից, ռեսուրսներ են դրվել նաև դրսից՝ այս թունավորումն իրականացնելու համար»,-նշել է նա։

Սողոմոնյանի խոսքով, Մարտի 1-ի գործը պետական իշխանությունը զավթած խմբի ու Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսական հենքն էր, որով նրանք խաբում էին ժողովրդին։

«Հիմա մենք երեք տարում հասանք մի հանգրվանի, ընդ որում տալով բարոյական կորուստներ,  բոլորը տեսան, որ այս գործը նպատակ ուներ սպասարկել գործող իշխանության շահերն ու հետապնդում իրականացնել այդ իշխանության հակառակորդների նկատմամբ, Արցախյան պատերազմում հաղթանակած հերոսների նկատմամբ, ինչպես նաև հաշվեհարդար տեսնել քաղաքական հակառակորդների նկատմամբ»,-ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։

Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելն ու այդ հիմքով Ռոբերտ Քոչարյանին արդարացնելը, Սողոմոնյանը համարում է այդ գործին դրված մեծ վերջակետ, բայց անելիքներ դեռ կան։

«13 տարվա թունավորման պատասխանատուները պետք է պատժվեն։ Այս երեք տարվա գործ կարողները պետք է կրեն համապատասխան պատիժներ։ Մարդիկ պետք է իմանան, որ այս իշխանության երկու հիմնաքարերից մեկը, որոնցով մարդկանց խաբել են՝ Մարտի 1-ի գործ, իրենց ասելով լայնածավալ կոռուպցիա, ջարդուփշուր եղավ։ Հիմա ո՞վ է Մարտի 1-ի պատասխանատուն։ Ժամանակին մեր դատարանները տվել են այդ հարցի պատասխանը։ Եվ գիտեք, որ կան ուժի մեջ մտած դատավճիռներ, որով նույն Նիկոլ Փաշինյանը համարվել է անկարգությունների կազմակերպիչ, որի հետևանքով մարդիկ են զոհվել»,-ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Նա ընդգծել է, որ ապագայում նման իրադարձություններից խուսափելու համար հանրությունը պետք է հետևողական լինի՝ 13 տարվա թունավորման պատասխանատուներին պատժելու գործում։

«Եթե մենք դա չարեցինք, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մի խումբ մարդիկ կարող են տարիներ շարունակ մոլորեցնել հասարակությանը, հասնել իշխանության, ռեպրեսիաներ իրականացնել իրենց քաղաքական հակառակորդների դեմ։ Մենք երիտասարդ պետականություն ունենք, և նման խոշոր բլեֆի, խաբեության փորձ մենք չենք ունեցել։ Ես հասկանում եմ, որ փորձ չունեինք, որ կարողանայինք դրան դիմակայել»,-նշել է նա։