ԶՈՒ բարեփոխումների մասին խոսում են մարդիկ, ում ամբողջ կյանքի մեծագույն նպատակը և գործունեության արդյունքը եղել է այդ բանակի կազմաքանդումը

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, կրկնեց իր ու պաշտպանության նախարարի այն միտքը, որ բանակում լայնածավալ, խորքային, բովանդակային բարեփոխումների գործընթացը է սկսվել:

Չի կարող նկարագրված որակի կամ ծավալի բարեփոխումներ լինել ու դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հանրային իրազեկման հատվածը լինի զրոյական: Հանրային լսումներ, քննարկումներ, պարզ մատչելի տեղեկատվություն… ոչինչ չկա: Կան խոստումներ, հայտարարություն և ուրիշ ոչինչ:

Բացի մեկ-երկու ստանդարտ ձևակերպումից, ոչինչ «բարեփոխման» տակ չկա: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պետք է արվի, ի՞նչ ժամանակային կտրվածքով ու ինչպե՞ս: Նույնիսկ այդ ամենի բազային տեղեկատվությունը բացակայում է:

Պաշտպանության նախարարն արդեն 5 ամիս է այդ պաշտոնին է, բայց միակ բանը, որում աչքի է ընկել, դա լրագրողների հետ շփումներից խուսափելն է:

Մեկ-երկու լրատվամիջոցի ընդհանուր ձևակերպումներով հարցազրույցներ տալը, որևէ հարց չի լուծում:

Հատկապես այս փուլում, երբ հանրությունը բացի ռեֆորմների թեմայից, մեծ թվով այլ հարցադրումներ ունի, սակայն հասցեատերերը ամեն գնով փախչում են իրականությունից, այս պայմաններում այստեղ միայն անլրջության հոտ է գալիս:

Երկրում պատերազմ է եղել, ընդ որում՝ մեզ համար ողբերգական ելքով, բայց պաշտպանության նախարարը շարունակում է խուսափել ամեն ձևի հարցադրումներից:

Պատասխանատվության զգացման տարրական մակարդակը բացակայում է, դեռ չեմ խոսում հարգանքի ու հաշվետվողականության, ունակությունների մասին, ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ այս նախարարից կամ իր բռնած գործից՝ անունը ռեֆորմ կդնենք, թե պարզ դիրքորոշման հստակեցում:

Զինված ուժերում բարեփոխումների մասին խոսում են մարդիկ, ում ամբողջ կյանքի մեծագույն նպատակը և գործունեության արդյունքը եղել է այդ բանակի կազմաքանդումը:

Թե՞ նպատակը եղած ռեսուրսի լիակատար փոշիացումն է, մարտունակ բանակ ունենալու հնարավորությունից առհասարակ զրկումը: Սրանից ամեն ինչ սպասելի է:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից