ԵԽ ղեկավարը՝ Անկարայում բանակցությունների ժամանակ աթոռների հետ կապված աղմկահարույց միջադեպի մասին

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ցավում է, որ Անկարայում անցկացված բանակցությունների ընթացքում աթոռների դասավորության հետ կապված միջադեպը ստվերել է Եվրամիության համար կարևոր այցը Թուրքիա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երեքշաբթի Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը այցով գտնվել են Թուրքիայում, որտեղ բանակցություններ են վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Համացանցում հրապարակված հանդիպման կադրերը ցույց են տալիս, որ կազմակերպիչները բանակցողների համար տրամադրել են ընդամենը երկու աթոռ Եվրամիության և Թուրքիայի դրոշների ֆոնին: Աթոռներին նստել են Էրդողանն ու Միշելը, իսկ Ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել նստել մի կողմում՝ բազմոցին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի դիմաց:

«Չնայած ամեն ինչ ճիշտ անելու ձգտմանը, Թուրքիայի իշխանությունների կողմից արարողակարգային կանոնների խիստ մեկնաբանությունը հանգեցրել է շատ ցավալի իրավիճակի», – գրել է Միշելը ֆեյսբուքյան իր էջում:

Նա ենթադրում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի նկատմամբ թույլ է տրվել «արարողակարգային սխալմունք», որը կարող է նման լինել կարևորության նվազեցման: Սակայն, ըստ նրա, որոշվել է ոչ թե սրել իրավիճակը, այլ շարունակել քաղաքական բանավեճերը թուրքական կողմի հետ:

«Ես ցավում եմ, որ այս իրավիճակը ստվերեց այն հսկայական աշխարհաքաղաքական աշխատանքը, որը մենք միասին կատարել ենք Անկարայում, և որի պտուղները, հուսով եմ, կհավաքի Եվրոպան», – ասել է Եվրախորհրդի ղեկավարը:

Ավելի վաղ եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում ՝ եվրախորհրդարանականներ, քննադատել էին Անկարայում տեղի ունեցած միջադեպը: Քննադատության էր արժանացել նաև Եվրոպական խորհրդի ղեկավարը, որը, ըստ որոշ պատգամավորների, պետք է հոգ տաներ Ֆոն դեր Լյայենի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի մասին:

Եվրահանձնաժողովի խոսնակ Էրիկ Մամերը չորեքշաբթի ասել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավարն իր թիմին արդեն հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային ապագա այցերում նման իրավիճակներից խուսափելու համար: Ըստ Մամերի, Եվրահանձնաժողովի արարողակարգի ծառայությունը այս անգամ չի մասնակցել ուղևորությանը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով:

Նա մանրամասնել էր, որ Ֆոն դեր Լյայենը զարմացած է եղել աթոռների հետ կապված իրավիճակի պատճառով, բայց նախընտրել է «ուշադրություն դարձնել խնդրի էությանը, ոչ թե արարողակարգին»: Մամերը ասել է, որ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը չի կարող մեկնաբանել այն պատճառները, թե ինչու է Ֆոն դեր Լյայենին առաջարկվել այս կամ այն տեղը, «դա պետք է հարցնել ընդունող կողմին»: