Մեզնից պահանջվում է սթափ գնահատել իրավիճակը, վերագտնել արցախցու տիպական համառության կերպարը ու շարժվել առաջ. Արցախի ԱԺ նախագահ

2020 թ. դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից:

Բացելով նիստը՝ Ազգային ժողովի նախագահը հանդես եկավ ներածական խոսքով, որտեղ վերլուծելով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտեց.

«Հարավկովկասյան տարածաշրջանում մեզ վիճակված էր առաջինը կրել ու դիմակայել միջազգային ահաբեկչության հարվածները: Ու այս համապատկերում միջազգային հանրության կողմից չեղան համարժեք արձագանքներ ու գնահատականներ: Ասել է, թե պիտի ապավինենք սեփական ուժերին ու հնարավորություններին՝ միևնույն ժամանակ շնորհակալական ձեռքը պարզելով դեպի ռուսական խաղաղապահ ուժեր»:

ԱԺ նախագահը խոսքը եզրափակեց արցախցուն հարիր տոկունությամբ.

«Այս ֆորսմաժորային իրավիճակում, երբ լիովին կաթվածահար է եղել երկրի տնտեսությունը, մեր ազգաբնակչությունը կրել է բարոյահոգեբանական հուժկու ցնցումներ, մեզնից յուրաքանչյուրիցս աներկբա պահանջվում է սթափ գնահատել իրավիճակը, վերագտնել արցախցու տիպական համառության կերպարը ու շարժվել առաջ»:

Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց արցախյան պատերազմում նահատակվածների պայծառ հիշատակը:

Այնուհետև խորհրդարանը ԱԺ նախագահի ներկայացմամբ հաստատեց 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի և դեկտեմբերի 30-ի նիստի օրակարգերը, որից հետո անդրադարձավ պարտադիր քննարկման հարցերին: Այս շարքում առաջինը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության մասին հարցն էր:

Աժ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 128-րդ հոդվածի համաձայն, պալատի անդամի պաշտոնում ներկայացրել է Միքայել Հենրիկի Մուսայելյանի թեկնածությունը:

Թեկնածուի մասնագիտական գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը լսելուց և պարզաբանումներ ստանալուց հետո, խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության: Ամփոփելով գաղտնի քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Դավիթ Բաղդասարյանը նշել է, որ թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 28, դեմ՝ 1 պատգամավոր:Քվեարկության արդյունքներով ԱԺ նախագահը հրապարակեց հետևյալ որոշումը. «Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի 9-րդ մասով և «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային ժողովը որոշում է Միքայել Հենրիկի Մուսայելյանին ընտրել Հաշվեքննիչ պալատի անդամ՝ մինչև 2023 թվականի հունվարի 16-ը պաշտոնավարման ժամկետով»:

Հաջորդիվ «Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում» օրակարգային հարցն էր, որը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի անդամ Շուշանիկ Հայրապետյանը:

Աժ-ն իր աշխատանքները շարունակեց հայտարարված ընդմիջումից հետո: Աժ կանոնակարգ օրենքի 109-րդ հոդվածով՝ պատգամավորների կողմից առաջարկվել էր 2020 թվականի դեկտեմբեր ամսվա Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկել «ԱՀ ԱԺ պատգամավորների կողմից բանավոր հարցեր՝ ուղղված Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին»: 11 պատգամավորի կողմից բարձրացվեց 22 հարց, որոնց կառավարության անդամների կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ:

Վերջում ԱԺ 5 պատգամավոր հանդես եկան հայտարարությամբ:

Ամփոփելով ԱԺ 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի դեկտեմբերի 30-ի նիստը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների մասով առաջարկություններով, այն է՝

-«Պատերազմական գործողությունների ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագիծ»

-«Եկամտային հարկի մասին օրենքի նախագիծ»

-«Շահութահարկի մասին օրենքի նախագիծ»

-«Հաստատագրված վճարների մասին օրենքի նախագիծ»

-«Արտոնագրային վճարների մասին օրենքի նախագիծ»

-«Առևտրի հարկի մասին օրենքի նախագիծ»

-Ուժը կորցրած ճանաչել« Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին օրենքը»

-«Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագիծ» և այլ օրենքների նախագծեր:

Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը հայտարարվեց փակված: