Քննարկվում է Նախիջևանով դեպի Իրան երկաթգիծ ունենալու հարցը․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանին Հայաստանի տարածքով կապ ունենալ Նախիջևանի հետ կապ ունենալու հնարավորությանը։ Հարցազրույցում ՏԿԵ նախարարը մասնավորապես նշել է՝ որևէ ժամկետ չկա, փաստաթղթում կա կետ ընդհանուր ճանապարհների ապաշրջափակման մասին։

«Որևէ ժամկետ չկա: Այդ փաստաթղթում կա կետ ընդհանուր ճանապարհների ապաշրջափակման մասին: Հարցին ուղղակի կիսատ ենք նայում: Կա այդ կետը, որ թույլ է տրվելու Նախիջևանից Ադրբեջան անցումը, որևէ հատված նշված չէ, որևէ պայմանավորվածություն չկա, այդ թվում ժամկետների մասով: Դա ընթացքում պետք է քննարկվի և հասկանանք: Որևէ կետ առաջնային չէ, որևէ կետ երկրորդական չէ, մեկը մյուսից բխող բաներ են: Քննարկում է նաև երկաթգծերի ապաշրջափակման հարցը, մասնավորապես Նախիջևանով դեպի Իրան երկաթգիծ ունենալու հարցը»,- անդրադառնալով ճանապարհը գործարկելու ժամկետների վերաբերյալ հարցին՝ ասել է Պապիկյանը։

Լրագրողի հարցին՝ եթե խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, տրամաբանակա՞ն է արդյոք՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհի փակումը. հնարավո՞ր է քաղաքական գործընթացների կարգավորումից հետո նաև այս ճանապարհի գործարկման հարց առաջանա, նախարարը պատասխանել է․

«Ես չեմ կարող մոտավոր հայտարարություն անել, ամեն ինչ հնարավոր է, որովհետև եթե մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, ապա դա ենթադրում է, որ կաշխատեն Ադրբեջանի հետ կապող ճանապարհները: Հիմա, թե որ փուլում, հանրային ընկալումների ինչ մթնոլորտում… ու նաև հետագա զարգացումներն են ամեն ինչ ցույց տալու: Փաստ է, որ այդ հայտարարությունը կա, և դրանից պետք է բխեն գործողություններ: Ու նաև կա երրորդ կողմ, որն այդ հայտարարությունների իրականացման երաշխավորն է: Մեր ռուս գործընկերները շահագրիռ և գործուն աջակցում են, որ կարողանանք այդ հայտարարությունը բոլոր ասպեկտներով կյանքի կոչել»: