Որոշվել էր, որ Արցախի նախագահը պետք է հրաժարական տա. նա խախտել է Բալասանյանի և ՀՅԴ-ի հետ պայմանավորվածությունները. հայտարարություն

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունն ու ՀՅԴ–ն հայտարարություն են տարածել` նշելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խախտել է իրենց հետ պայմանավորվածությունները։

Արցախի Հանրապետության դեմ 2020 թ. աշնանը սանձազերծված պատերազմի արդյունքում արձանագրվել է պետական կառավարման համակարգի ճգնաժամ:

ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի ս.թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցություններից 4-ը պահանջել են ԱՀ նախագահ Ա. Հարությունյանի հրաժարականը: Չնայած իր պաշտոնից հրաժարվելու պատրաստակամությանը՝ նախագահ Ա. Հարությունյանը նախաձեռնել է քաղաքական խորհրդատվություններ, ստեղծված իրավիճակից ելք գտնելու և քաղաքական լուծումներ տալու նպատակով: Ելնելով առաջիկայում նոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման խնդրահարույց լինելու հանգամանքից՝ խորհրդարանական ուժերն ընդունել են ազգային միասնության կառավարություն ստեղծելու Ա. Հարությունյանի առաջարկը՝ նախագահի փաստացի լիազորությունները սահմանափակելու և ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախապայմանով:

Հետագա քննարկումների ընթացքում գործող նախագահը, խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունները, սկսել է միանձնյա ձևավորել նոր կառավարություն՝ դրանով իսկ խաթարելով երկիրը ճգնաժամից համախորհուրդ դուրս բերելու բացառիկ հնարավորությունը: Ստեղծված իրավիճակում անիմաստ է դարձել շարունակել կառավարության ձևավորման գործընթացին մեր մասնակցությունը, քանի որ այն իր մեջ չի պարունակում «ազգային համաձայնության կառավարության» ձևավորման տեսլականը:

Կառավարության ձևավորման, դրա հետագա գործունեության և երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նման պայմաններում կրում է անձամբ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը:

 Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն

Արցախի «Արդարություն» կուսակցություն