Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 17)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև  հետևյալ փաստով:

Առաջին. 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ՀՀ-ից արտաքսված Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյան        ի հայտնած տեղեկություններով:

Ի թիվս 28.12.2020թ. հարցազրույցի ընթացքում Անդրանիկ Հովհաննիսյանի հրապարակած այլ տեղեկությունների, հատկապես ԱԱԾ-ի ուշադրությունն եմ հրավիրում միջազգայնագետի այն հայտարարության վրա, որ «Ծրագիրը պատրաստվել է Լոնդոնում և Վաշինգտոնում և առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ: Այս 3 պետությունները ոչ միայն այս տարածաշրջանում, այլ ընդհանուր աշխարհում Լոնդոնի և Վաշինգտոնի հիմնական մրցակիցներն են, և այդ բոլոր պետությունները թյուրքալեզու ազգերի հետ իրենց ներսում ունեն խնդիրներ»: Այս համատեքստում ԱԱԾ-ին, եթե դեռ կարելի է նշված մարմինն ԱԱԾ համարել, առաջարկում եմ պարզել այն անձանց շրջանակը, որոնց հետ նախկինում, ընդ որում, նաև մինչ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելը, հանդիպել է Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև ուշադրություն դարձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շա՜տ հետաքրքիր կենսագրությանը, որից մի խիստ համառոտ հատված ներկայացնում եմ ստորև.

1998-2004 թվականներ – ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։

2004-2007 թվականներ – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։

2007-2008 թվականներ – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։

Երկրորդ.  ռազմական գործիչ, Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախյան պատերազմի և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի` «Ֆեյսբուք»-ի իր էջում 21.12.2020թ. կատարած գրառմամբ , որում մասնավորապես նշված է.

«դեկտեմբերի 19-ին վարչապետի՝ դեպի Եռաբլուր կազմակերպած սգո երթը դիտելուց հետո ես հասկացա, որ Արցախյան այս պատերազմում համընդհանուր մոբիլիզացիայի, զորահավաքային ռեսուրսների համալրման գործընթացի ձախողումը ոչ թե անգրագիտության, անփորձության հետևանք էր, այլ եղել է միտումնավոր՝ ինձ համար դեռևս անհայտ նպատակայնությամբ։

Եթե գերագույն հրամանատարը կարող էր մոբիլիզացնել պետության ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ներառյալ ուժային կառույցները, և անտեղի ոգևորության, ծափողջույնների ու սուլոցների ուղեկցությամբ բարձրանալ Եռաբլուր (սեփական անձի պաշտպանության անիմաստ և զավեշտալի դրվագներով), ապա ինչու ի՛նքը ողջ պետական ապարատի հետ, չկատարելով իրենց պաշտոնական ֆունկցիոնալ պարտականությունները, չմոբիլիզացրեց այդ նույն ռեսուրսը և նրանց հետ, ոգևորիչ սուլոցներով ու ծափողջույններով անձամբ չմեկնեց Արցախ՝ համալրելու մեր զինվորների` իր իսկ ձախողումների հետևանքով նոսրացած շարքերը և բեկում մտցնելու, հաղթանակ կռելու։

Եվ երբ նույնիսկ հուշումներ ստանալուց հետո վարչապետը չհասկացավ մոբիլիզացիայի դերը, ո՛ւր էին մնացած կառույցները՝ ազգային ժողովը, կառավարությունը, տարածքային կառավարման մարմինները, մարզային կառավարման համապատասխան օղակները, զինկոմիսարիատները, որ չհուշեցին և չկատարեցին իրենց պարտականությունները։

Մենք պետությո՞ւն ենք, թե մեկ անձի․․․»:

«Երկկողմ հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ, հարևանների հետ ձախողելուց հետո, բազմակողմ հարաբերություններում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ մեր կատարած աշխատանքները փոշիացնելով, չմասնակցելով ԱՊՀ հեռավար գագաթնաժողովին և պետությունը ներկայացնող պաշտոնյայի բացակա լինելը կապելով մեկ մարդու՝ վարչապետի անձնական խնդիրների հետ, ներկայիս իշխանությունները շարունակում են խաղալ ՀՀ արժանապատվության հետ։

Խորին ցավակցություն հայտնելով երկրի վարչապետի հոր մահվան կապակցությամբ (Աստված հոգին լուսավորի)՝ հարց է առաջանում՝ չկա՞ր մեր այս պետական ապարատում այլ պաշտոնյա, ով կարող էր արժանապատվորեն, գրագետ ներկայացնել մեր պետությունը և իրազեկված, ակտիվ մասնակցել քննարկումներին, առավել ևս պատասխանել Ալիևի այն ստերին, որոնցով հերթական անգամ նա կեղծում է մեր պատմությունը, Արցախյան հարցի ծագումնաբանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման դեմ ուղղված, իրենց կողմից հրահրված բոլոր պատերազմական գործողությունները, հայկական կողմի վրա բարդելով ոչ միայն պատերազմի ժամանակ իրենց կողմից միջազգային մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների փաստերը՝ խաղաղ բնակչության, գերիների խոշտանգումները, պատմամշակութային արժեքների պղծումն ու ոչնչացումը, այլև այս տարվա վերջին սրացումներն և իր կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը, քամահրանքով մեզ ներկայացնելով որպես թույլ, բայց միևնույն ժամանակ ագրեսոր պետություն։

Մենք պետությո՞ւն ենք, թե մեկ անձի․․․»:

Երրորդ.  իր ֆեյսբուքյան էջում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակով` ուղղված ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Նամակ, որին հանգամանորեն կանդրադառնամ առաջիկայում:

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան