Բոլորին ստիպել են իրենց քվեարկությունը նկարել և ուղարկել խմբակցության քարտուղարին․Զոհրաբյանը՝ մշտական հանձնաժողովում իր լիազորությունները դադարեցնելու մասին

Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իմ դեմ պայքարը իր համար շատ ավելի կարևոր է, քան մեր ռազմագերիները, հանձնվող Սյունիքն ու մեր զինվորների դիակները գտնելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները դադարեցնելու՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը: Զոհրաբյանի գրառումը՝ ստորև.

«Բարի գալուստ դժոխք

Արցախը թուրքին հանձնածը, 5000 անմեղ զոհերի արյամբ ձեռքերը որդան կարմիրով ներկածը, տասնյակ հազարավոր արցախցիներին անտուն թողածը, հազարավոր մեր որդիների անթաղ մարմինները ձյան տակ թաղածը տևական ժամանակ իր  ֆիքս իդեան էր դարձրել ինձ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելը:

Դեռ այն պահից, երբ ես ամբիոնից նկատողություն արեցի հայտնի տրանսգենդերին։

Եւ այսօր «իրենցքայլական» խունտան բերվել էր առաջին աստիճանի մարտական զորահավաքային վիճակի: Զանգել ու բռնի ուժով խորհրդարան էին բերել նաև հիվանդ պատգամավորների, որ բավարարեն քինախնդիր Նիկոլի անձնական վրեժը:

Բոլորին ստիպել են իրենց քվեարկությունը նկարել և ուղարկել խմբակցության քարտուղարին։

78 սահմանադրախախտ, 78 կամակատար, հեզաճկուն կատարեցին երկրի թիվ մեկ դավաճանի ճղճղան հրահանգը:

Այսօր ինձ համար հպարտության օր է. իմ դեմ տևական ժամանակ է խաչակրաց արշավանք էին սկսել հայրենիքի դավաճաններն ու Արցախը թուրքին հանձնածները, Ադրբեջանի նովրուզին պորտապար պարողը, թուրքի հետ հայոց պատմության դասագիրք պղծողն ու հայ առաքելական եկեղեցի հայհոյողը: Ադրբեջանի ֆոլկլորի ազգային հերոսը հաստատեց, որ իմ դեմ պայքարը իր համար շատ ավելի կարեւոր է, քան մեր ռազմագերիները, հանձնվող Սյունիքն ու ձյան տակ սառչող մեր զինվորների դիակները գտնելը։

Ինձ համար պատիվ է լինել ալիևյան ֆոլկլորի հերոս Նիկոլի քաղաքական հակառակորդը:

Հիմա, որպես պատգամավոր, շատ ավելի ազատ և անկաշկանդ եմ լինելու Նիկոլի ու նիկոլականության աղանդի դեմ պայքարում:

Նիկոլը շատ շուտով կանգնելու է դատարանի առաջ և դա անխուսափելի է: Հակասահմանադրական նախագիծ բերած և քվեարկած երևույթները դատվելու են և դա ևս անխուսափելի է:

Ու մենք հաստատ ունենալու ենք առանց Նիկոլ և առանց նիկոլիզմի Հայաստան:

Իսկ քրեակատարողական հիմնարկներում մենք դեռ երկար ենք տեսնելու երիտհայերի հանցագործ խմբակին ու մեր երեխաները պատմության ապագա դասագրքերից  իմանալու են հայրենադավների, դավաճանների ու սրբապիղծների այն իշխանության պատմությունը, որը ծախեց Արցախն ու մաս-մաս իր կիրթ եղբայր Ալիևին հանձնեց  Հայաստանը։

Ուստի, ինչպես կասեր մեր հին բարեկամ Արծրուն Հովհաննիսյանը` բարի գալուստ դժոխք:

Շնորհակալ եմ Նիկոլի պարտադրած նախագծին դեմ քվեարկած չորս պատգամավորներին»: