Աթոռակռիվն ու ամբիցիաները մի կողմ դրեք՝ Հայրենիք ենք կորցնում․ Տ․ Աբրահամյանը՝ ՀՅԴ և Արդարություն կուսակցությունների հայտարարության մասին

Արցախում 1.5 ամիս է քաղաքական ուժերը ազգային միասնության կառավարության ձևավորման շուրջ բանակցություններ են տանում, սակայն այսօր ԱԺ ՀՅԴ և Արդարություն կուսակցությունները հայտարարել են այդ գործընթացի տապալման մասին՝ որպես պատճառ մատնանշելով Արցախի նախագահի քաղաքական քայլերը։ Ֆեյսբուքյան գրառմամբ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ԱՀ ԱԺ ՀՅԴ և Արդարություն կուսակցությունների այսօրվա հայտարարությանը։

«Բնականաբար լավ ճանաչում եմ բանակցությունների կողմերին՝ քաղաքական ուժերին և նրանց ղեկավարներին, լավ գիտեմ և հիշում եմ նրանցից յուրաքանչյուրի պահվածքն ու վարքագիծը Արցախի համար հանգրվանային բոլոր իրադարձությունների օրերին, ավելին՝ վստահ գիտեմ, թե ով է այս պրոցեսը ձախողել, սակայն այս պահին այլ հարցադրում ունեմ։

Արցախի տարածքային ամբողջականությունը կոպտորեն խախտվել է, մեր հայրենիքի մի ահռելի մաս թշնամու վերահսկողության տակ է, պատերազմը չի ավարտվել, ավելին՝ Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմով, անվտանգային սպառնալիքներն աճել են, տարածաշրջանային կայունությունը խաթարվել է… իսկ դուք ինչո՞վ եք զբաղված։

Դուք հասկանում ե՞ք այս ամենի հետևանքները, դուք հասկանում ե՞ք, որ համախմբվածության, միասնականության ճգնաժամը հատկապես այս փուլում ինչ հետևանքների է հանգեցնելու։

Տղերք, ինչպես ուզում եք ընդունեք, բայց խնդրում եմ՝ ուշքի եկեք, լավ մտածեք ձեր արածի ու չարածի հետևանքների մասին, աթոռակռիվն ու ամբիցիաները մի կողմ դրեք՝ Հայրենիք ենք կորցնում։

Արցախի ու Հայաստանի այս ծանր փուլում պատասխանատվություն ստանձնեք՝ համախմբեք Արցախի բոլոր ունակ ուժերին՝ քաղաքական, հասարակական խմբերին, ուղղակի կարող մարդկանց, որպեսզի դիմագրավենք առկա բարդագույն մարտահրավերները»։