Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերականգնմանն ուղղված ջանքերը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի կառավարության ղեկավար Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ընդգծել են Լեռնային Ղարաբաղի վերականգնմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը: Այս մասին հայտնում ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը:

«Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հետհակամարտային վերականգնմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: