Փաշինյանը պետք է հրաժարական տա. Մարուքյան-Փաշինյան հանդիպումն ավարտվեց

Ես ներկայացրել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, դա հետևյալն է՝ վարչապետը հրաժարական է տալիս, ձևավորվում է անցումային կառավարություն, կառավարությունում ընդգրկվում են մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացվում է և նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Վարչապետը առաջարկում է՝ ինքը մնա իր պաշտոնում, ու գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք, և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք, այսինքն՝ ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետն էլ ներկայացրել է իր մոտեցումը»,- նշեց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ առանց «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների համաձայնության՝ խորհրդարանը չի կարող ցրվել:

Նա նշեց՝ չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանն էլ առաջադրվի վարչապետի պաշտոնում, չբացառեց նաև, որ հանդիպումները Նիկոլ Փաշինյանի հետ կարող են շարունակական լինել: