Հանրային հեռուստաընկերության լրատվականը շրջանցել է սուր կետերը․ ՄՊ

Հանրային հեռուստաընկերության լրատվականը դեկտեմբերի 28-ի գլխավոր թողարկմանը չի ներկայացրել, որ Գորիս-Կապան ճանապարհին ցուցանակ է տեղադրվել՝ «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ։ Բացի այդ, Գորիսի այգեգործական ընկերություններից մեկի տարածքում գտնվող տների բնակիչներին ադրբեջանցիները մեկ ժամ էին տվել, որ տարածքն ազատեն, ինչի առնչությամբ Որոտանի գյուղապետը պարզաբանում էր տվել։ Լրատվականը չի ցուցադրել, որ ադրբեջանցիները Շոշ-Կարմիր շուկա ճանապարհին վնասել են հայկական պետհամարանիշով մեքենա։ Լրատվականը ԱԺ շենքի մոտ միջադեպերը ներկայացրել է ոչ ամբողջական։ «Իմ քայլի» պատգամավորներին ցուցարարները դիմավորել էին ձվերով ու լոլիկներով, ծեծկռտուք էր տեղի ունեցել Սիսակ Գաբրիելյանի ու քաղաքացիների միջև, համացանցում տարածված տեսանյութը չի ցուցադրվել, ինչպես նաև՝ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ տեղի ունեցած միջադեպը։ «Բռնեք շիշը» արտահայտությունը հունից հանել էր պատգամավորին, վերջինը հայհոյել էր։ Իսկ Նաիրա Զոհրաբյանի մասին պատմող ռեպորտաժում որոշ դրվագներ չեն ներկայացրել, մասնավորապես, ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարել էր, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ ստիպված են քվեարկել իրեն Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու կողմ, նրանց սպառնացել են։