Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Մայր Աթոռի սարկավագաց դասի հետ

Դեկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով (այս տարի՝ դեկտեմբերի 26-ին) հանդիպում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց դասի հետ։
Սարկավագները Հայոց Հովվապետին ողջունել են «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, այնուհետև Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը կրտսեր միաբանների անունից դիմել է Նորին Սրբությանը՝ ընդգծելով, որ սարկավագաց դասն ի մի է հավաքվել՝ ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը, լսելու նրա հայրական խրատներն ու հորդորները՝ առավել նախանձախնդրությամբ շարունակելու իրենց ծառայությունը Հայոց Եկեղեցու անդաստանում։ Մուշեղ եպիսկոպոսն իր խոսքում նաև անդրադարձել է արցախյան պատերազմի օրերին գնդերեց սարկավագների քաջարի ծառայությանը, որով հաստատել են Սուրբ Ստեփանոս Նախավկայի նվիրյալ ու ճշմարիտ ժառանգորդ լինելու առաքելությունը։

Այնուհետև սարկավագներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը ցավով արձանագրել է, որ պատերազմի ծանր հետևանքներով պայմանավորված՝ այս տարի Մայր Աթոռում Սուրբ Ստեփանոսի տոնն առանձնակի հանդիսավորությամբ չնշվեց։ Սակայն Հայոց Հայրապետը կարևորել է հանդիպումը սարկավագների հետ՝ մեկ անգամ ևս անդրադառնալու Հայոց Եկեղեցու առաքելությանը, սարկավագների ծառայությանը Եկեղեցու անդաստանում ու հայ ժողովրդի կյանքից ներս, որպեսզի առավել ջանասիրությամբ շարունակեն իրենց հոգևոր սպասավորությունը հայորդիներին։

Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել սարկավագաց դասին՝ նվիրյալ ծառայության համար, մասնավորաբար նշելով գնդերեց սարկավագների՝ Հայոց բանակին մատուցած օգտաշատ ծառայության մասին՝ փաստելով նաև, թե անձնական օրինակով ինչպիսի ոգի էին ներշնչում, արիություն փոխանցում մեր բանակի զինվորներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է արտահայտել նաև այն սարկավագներին, որոնք քաջարի ոգով ու սիրով այդ դժվար ու ծանր օրերին հանձն են առել իրենց ծառայությունը բերել Դադիվանքում՝ հաղթահարելով թշնամու ոտնձգությունները, որով կարելի դարձավ հնամյա վանական համալիրը պահել Արցախի թեմի վերահսկողության ներքո։

Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ թե´ կորոնավիրուսի համավարակի, և թե´ Արցախյան պատերազմի պայմաններում եկեղեցականությունն իր բոլոր դասերով դրսևորեց բարձր գիտակցություն ու ծառայասիրության ոգի՝ ամբողջական մասնակցություն բերելով հայրենիքի ծառայությանը և շոշափելի ներդրում ունենալով տարբեր խնդիրների կարգավորման գործում։

Անդրադառնալով ներկայիս կացությանը և հայ ժողովրդի զավակների կյանքում հոգևոր խնամքի իրականացման կարևորությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ հոգևորականությունը, այդ թվում՝ սարկավագները, շատ անելիքներ ունեն՝ մեղմելու ցավն ու կորուստն այն ընտանիքների և անհատների, որոնք առավել մեծ չափով են կրել պատերազմի հետևանքները և կարիքն ունեն զորակցության։

Այս առումով Նորին Սրբությունը ներկայացրել է Մայր Աթոռի «Աջակցենք Արցախին» սոցիալական ծրագրի իրագործման նպատակով ստեղծված հատուկ հանձնախմբի առաքելությունը՝ կարևոր նկատելով նաև ծրագրում սարկավագների ներգրավվածությունը։

Վերջում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է սարկավագներին անսակարկ նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակել իր ազգանվեր ու աստվածահաճո սպասավորությունը՝ մաղթելով նրանց Աստծո օգնականությունը, զորակցությունն ու օրհնությունը, որպեսզի կարողանան իրենց ծառայությամբ պայծառացնել Հայոց Եկեղեցին՝ այն առավել սիրելի դարձնելով ազգի զավակների համար։