Վերջին ամիսների ողբալի իրադարձությունները մի դառը խրատ էր, եթե շարունակենք ուրանալ, ավելի դաժան կպատժվենք․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Դառը խրատ

Վերանայելով Հայոց պատմությունը հասկանում ես, որ դարեր ի վեր Հայ ժողովուրդը երբեք իր ընտրած ճանապարհից չի շեղվել, դա է՝ առանց պետության ու պետականության ապրելը, ուրիշի լծի տակ ծվարած:

1988-1994 թթ. Հայ Ազգի մի խումբ նվիրյալ հայորդիներ որոշեցին այդ կարծրատիպը կոտրել և տանել ժողովրդին պետություն ու պետականություն ունենալու ճանապարհով, անշուշտ անցնելով ԽՍՀՄ-ի տարբեր ուժային կառույցների ճնշումների միջով: Այդ մարդկանց հաջողվեց հասնել իրենց առջև դրված նպատակին և միևնույն ժամանակ տեսնել իրենց երազանքը՝ ազատ ու անկախ Հայաստանը: Հարկ եմ համարում նշել, որ այդ բաղձալի երազանքի իրականացմանը նպաստեց նաև ԽՍՀՄ-ի փլուզումը: Անցնելով պատերազմի թոհուբոհի միջով, ազգայնական այս քաջերը կերտեցին Հայոց Պետության և Պետականության նոր էջը, ստեղծելով Հայաստանի երրորդ Հանրապետություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Անկախ հանրապետության ստեղծման այս փաստը չկարողացան մարսել օտարերկրյա կործանարար ուժերը, որոնք 30 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չխնայեցին ՀՀ Պետությունը կազմաքանդելու և այդ տարիների նվաճումերը փոշիացնելու համար: Այդ ավերիչ ուժերի հաջողություններին ու աղետաբեր հետևանքներին նպաստեց նաև մեր ժողովրդի ճնշող մեծամասնության հայակործան մտածողությունը, այն է՝ առանց Պետության և Պետականության, օտարի լծի տակ ապրելը ու ծվարելը:

Ազգի ինքնությունը ոչնչացնող այս համոզմունքը հատկապես արտահայտիչ դարձավ վերջին 2.5 տարիների ընթացքում, մասնավորապես վերջին 2-3 ամիսների հայ Ազգի համար ողբալի իրադարձությունների և դրանց անդառնալի հետևանքների ընթացքում:

Խորհում եմ ու կրկին զարմանում, որ Հայաստանի Պետականությունը վտանգված է, Արցախի 60-70% կորզված է, բայց ժողովրդի նույնիսկ 2-3 տոկոսը չի արձագանքում ու ընդվզում դավաճան իշխանությունների դեմ. խոստովանե՛ք, որ Դուք էլ էք զարմացած:

Ասածս այն է, որ այս համարձակ հայորդիները դեռ հեռավոր 1966 թվականին (ԱՄԿ) սկսեցին իրենց պայքարը, հետո 1988-ին այդ պայքարը նոր փուլ մտավ ու պայքարին միացան Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և շատ ու շատ Հայ Ազգի նվիրյալ զավակներ, ում հաջողվեց ստեղծել ու պահել Հայոց Պետականությունը և Պետությունը այնքան ժամանակ, մինչև այդ նույն ժողովրդի ծոցիծ «ծնվեց փրկիչ Նիկոլը» (23.04.2018):

Զգնահատելով և նսեմացնելով այն բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք Աստծո կամքով և օգնությամբ տրվեցին հայ Ազգին երկարատև պայքարի արդյունքում, մենք այսօր հայտնվեցինք հայոց պետության և պետականության ավերակների վրա: Եվ վերջին ամիսների ողբալի իրադարձությունները դա մի դառը խրատ էր, Աստծո պատիժ մեր ժողովրդին: Հետևաբար, եթե շարունակենք ուրանալ, ավելի դաժան կպատժվենք:

Հ.Գ. 9.12.2018թ. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում 884.864 քվե ստացավ «Իմ Քայլը» դաշինքը, ստանձնելով Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության ու ազգային անվտանգության պատասխանատվություն:Սա է ժողովրդի աղետաբեր և կործանարար ընտրությունը»: