Գորիսի այգեգործական ընկերության տարածքի բնակիչներին ադրբեջանցիները մեկ ժամ են տվել, որ տարածքն ազատեն. Որոտանի գյուղապետ. Tert.am

Գորիսի տարածքում գտնվող այգեգործական ընկերության տարածքի բնակիչներին ադրբեջանցիները մեկ ժամ են տվել, որ տարածքը ազատեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը:

«Որոտանի ժողովրդին ոչ մեկը չի հանում, նրանք մնում են իրենց տներում, խոսքը վերաբերում է Որոտանից վերև՝ դեպի Գորիս տարածքին: 1980-ական թվականներից այգեգործական ընկերության այդ տարածքից մարդկանց հողամասեր են տրվել,  մարդիկ տուն են կառուցել, արտ, այգի են վարում, անասուն են պահում. գոյատևում են: Հիմա ադրբեջանցիներն եկել են, մեկ ժամ են տվել, ասում են՝ դուրս եկեք մեր տարածքից: Այդ մարդիկ էլ ասում են՝ դուրս չենք գալիս»,- նշեց նա:

Հարցին, թե խնդրի վերաբերյալ դիմե՞լ են Կառավարությանը, Սուրեն Օհանջանյանը պատասխանեց. «Մեզ ասում են, որ այդ հարցի շուրջ բանակցում են, բայց դեռ պատասխան չենք ստացել: Մեկ ամիս է՝ ես ասում եմ՝ եկեք մեր տարածքները քարտեզագրեք, ճշտեք՝ որն է մեր տարածքը: Ժողովուրդը հարց է տալիս՝ որն է մեր սահմանը, ես չեմ կարողանում պատասխանել, ես գիտեմ՝ սա մեր հողն է, ոչ մեկը չի գալիս մեզ պատասխան տա»: