Այսուհետ «ֆեյսբուքյան» արդարադատության ձևաչափը համարել ընդունելի՞. ԲԴԽ-ը՝ Գոռ Աբրահամյանի հայտարարության մասին

Ծանոթացա Գլխավոր դատախազության՝ իր խոսնակի միջոցով ֆեյսբուքում հրապարակած «մտահոգություններին» կոնկրետ դատական ակտի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:

«Դատախազությունն այն մարմինն է, որը լավագույնս է տիրապետում իր կարծիքով ոչ իրավաչափ դատական ակտերի բողոքարկման հնարավորությունների ողջ գործիքակազմին, սակայն, այնուամենայնիվ, տվյալ պարագայում ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը:

Ակամա հարցեր են առաջանում. այսուհետ նման ձևաչափը համարել ընդունելի՞: Եթե այո՛, այդ դեպքում խնդրում եմ հրապարակել դատական ակտերի ցանկ, որոնց կապակցությամբ հակված եք համացանցում հանրային քննարկումներ ծավալել»,- ասված է Խաչատրյանի տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Գլխավոր դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը՝ մերժել Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում զինված հեղաշրջում կատարելու կոչ արած անձի՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս․Կ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։

Աբրահամյանը մասնավորապես նշել է՝ դատարանն այս որոշումը կայացրել է մի իրավիճակում, երբ ակնհայտ է պատերազմից հետո հանրապետությունում մեծ թվով ապօրինի զենք, զինամթերքի առկայությունը: