Հարեհաս բալասան՝ հասցեագրված հատկապես հայ զինվորին

Լույս է տեսել «Զորավոր Անդրանիկը ռուս և բրիտանացի զորականների հուշերում գիրքը:

Հեղինակը՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող Կարո Վարդանյանն  այդ առիթով գրել է.

«Տակավին երեկ տպարանից դուրս եկած այս գիրքը կազմելու և լույս ընծայելու գաղափարը ծնվեց այն չարաբաստիկ գիշերը, երբ սոսկումով իմացանք, որ ավելի քան 40 օր մոլորության մեջ ենք եղել, որ ոչ միայն «չենք հաղթում» ու «չենք հաղթելու»՝ այլև կոտրվել է մեր զինուժի ողնաշարը և անառիկ Արցախը հանձնվել: Իսկ առավել հեռատեսներն անմիջապես զգացին Սյունիքի գլխին կախված տագնապները: Այս գիրքը մեր օրերի համար հարեհաս բալասան է՝ հասցեագրված հատկապես հայ զինվորին: Դավադրությունների արդյունքում հոգեբանորեն ջլատված ու հիասթափված զինվորը այս ժողովածուի էջերում իսկույն կճանաչի իրեն, կշտկի մեջքը, կգիտակցի, որ իր նմանը չկա աշխարհում, որ իր տոկունությունն ու անպարտելիությունը միշտ էլ ներբողվել է օտար ականատեսների կողմից: Վերջապես, կգիտակցի, որ ինքը անտեր չէ, որ հավերժ իր հետ է իր Զորավարը, որի փառքը կազակները հասցրեցին մինչև Բայկալ ու Սիբիր, իսկ բրիտանացի հազարապետը ի լուր աշխարհի հայտարարեց. «Մեծ պատերազմը ավելի դրամատիկ ու հերոսական կերպար, քան այս հայ գեներալն է, չի տվել»:

Գիրքը լույս է ընծայել ԲՈՒԿԻՆԻՍՏ հրատարակչությունը»:

ԿԱԶՄՈՂԻ ԿՈՂՄԻՑ

1918-19 թվականները Սյունիքի, Արցախի և Նախիջևանի համար թերևս ամենաբախտորոշ և օրհասական ժամանակաշրջանն են: 1918-ի հունիսի 4-ի Բաթումի պայմանագրով Հայաստանի սահմաններից դուրս մնացած այս հայկական տարածքները ինքնուրույն պիտի լուծեին իրենց գոյության հարցը՝ դիմակայելով թաթարական հրոսակախմբերին և թուրքական կանոնավոր զորամասերին: Նույն 1918-ի հունիսից այս տարածաշրջանում էր զորավար Անդրանիկը՝ իր զորամասով ու իրենից անբաժան արևմտահայ գաղթականների երեսուն հազարանոց թափորով: Երկար ամիսներ տևած կատաղի մարտերի ընթացքում Անդրանիկին հաջողվեց գալիք Հայաստանի համար անառիկ պահել Զանգեզուրը, հոգալ սովից ու տարատեսակ զրկանքներից տառապող գաղթականության ապահովությունը և մահմեդական զինյալ հորդաներից մաքրել Սյունիքից Արցախ տանող ճանապարհը: Եվ Զանգեզուրում նրա ներկայությունն էր պատճառը, որ թուրքական զորամասերով ամրապնդված թաթար հրոսակախմբերը Արցախում չհանդգնեցին հայության զանգվածային ջարդեր սանձազերծել:

Նշյալ ժամանակաշրջանի մասին պատմող աղբյուրները քիչ չեն, սակայն հաճախ հակասական են ու իրարամերժ՝ պայմանավորված Անդրանիկի և հայկական քաղաքական վերնախավի լարված հարաբերություններով: Պահպանվել են նաև օտար հեղինակների հոդված-վավերագրեր, որոնք անաչառ ուսումնասիրողին օգնում են ամբողջական պատկերացում կազմել տեղի ունեցած իրադարձությունների իսկության մասին և համոզիչ վերլուծություններ կատարել:

Այս հատորում ընդգրկել ենք օտար աղբյուրներից երկուսը՝ ռուս պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովի և բրիտանացի հազարապետ Վիլիամ Գիբոնի հուշագրությունները: Ի դեպ, այս երևելի զորականներին «օտար» կոչելը խիստ հարաբերական է, քանզի նրանք իրենց նկարագրած անցքերի անմիջական մասնակիցն են, իսկ նրանցից առաջինը՝ Ալեքսեյ Կոլմակովը 1918-ի սկզբներից մինչև 1919-ի ապրիլը Անդրանիկի հրամանի տակ էր, գործուն մասնակիցը բոլոր ճակատամարտերի: Պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովը այն չորս ռուս սպաներից մեկն էր, որոնց հրամանատարությամբ արևմտահայ ռազմագերիներից բաղկացած վաշտը հեռավոր Իրկուտսկից բոլշևիկյան դժոխքի միջով շուրջ մեկ ամիս ճանապարհ կտրելով հասավ Թիֆլիս ու դարձավ Անդրանիկի վերջին զորամասի հիմքը: Մյուս երեք սպաներն էին՝ շտաբս կապիտան Յակով Բորտը, բանաստեղծ, պորուչիկ Պյոտր Սիբիրցևը և պորուչիկ Բորիս Վենգերցովը: Թե ինչ արևմտահայ ռազմագերիների մասին է խոսքը, և ինչպես էին նրանք հայտնվել Իրկուտսկում, ընթերցողը կիմանա Կոլմակովի հուշագրությունից:

Կոլմակովի և Գիբոնի հուշագրությունների ստեղծման դրդապատճառը նույնն է. հերքել թաթար-ազերիների օրեցօր ահագնացող զրպարտությունները, որոնցով հեղեղվում էր ժամանակի մամուլը, և տալ դեպքերի ճշմարիտ նկարագիրն ու գնահատականը: Այս անձանց հուշերը ժամանակագրական առումով լրացնում են իրար: Կոլմակովի հուշերում նկարագրված է 1918-ի սկզբներից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանը, իսկ Գիբոնինը՝ նույն դեկտեմբերից մինչև 1919-ի ապրիլը:

Այս ողջ ընթացքում Զանգեզուրը կտրված էր արտաքին աշխարհից, և Անդրանիկն ու իր զորամասը ոչ մի տեղեկություն չունեին անգամ Բաքվում և Երևանում տեղի ունեցող զարգացումներից: 1918 թ. դեկտեմբերի սկզբին կապիտան Յակով Բորտը եղավ Բաքվում և տեղի մամուլից իմացավ այն ողջ տեղեկատվական զեղծարարությունների մասին, որոնք հետևողականորեն կազմակերպվում էին թաթար-ազերիների կողմից՝ թյուրիմացության մեջ գցելով ողջ Կովկասը: Օրինակ, Ադրբեջանի մուսավաթական կառավարության խոսափող «Ադրբեջան» թերթի 1918-ի նոյեմբերի 27-ի համարում տպագրված էր հոդված՝ «Անդրանիկի գործողությունները» վերնագրով, որտեղ «նկարագրվում» էր, թե ինչպես է Անդրանիկը միայն Մեղրիի շրջանում ավերել տասից ավելի թաթարական գյուղ, և ինչպես է պատրաստվում բնաջնջել բոլոր մնացած գյուղերը: Հոդվածի հեղինակ Հաջիևը թաթար-ազերուն բնորոշ հիստերիկ ողբ ու կականով հերյուրանքների մի ամբողջ հորձանք էր տարածում մահմեդական բնակչության կոտորածի, խուճապի ու այն «բարբարոսությունների» մասին, որ գործադրել է Անդրանիկը ու դեռ պատրաստվում է նույն բանն իրականացնել ողջ Սյունիքում: Վերջում Հաջիևը թախանձագին կոչ էր անում դաշնակից տերություններին՝ փրկելու մուսուլման բնակչությանը Անդրանիկից: Կապիտան Բորտն իսկույն ձեռնամուխ եղավ հակադարձելու այս անհեթեթություններին և Կոլմակովի հետ միասին ստորագրեց պատասխան հոդված, որը լույս տեսավ Թիֆլիսի «Կավկազսկոյե սլովո» թերթի դեկտեմբերի 12-ի համարում (նշյալ նամակ-հոդվածը բերված է սույն հատորում): Այս նույն ընթացքում և նույն մղումով Ալեքսեյ Կոլմակովը սկսեց գրել «Պատմական հայկական վաշտը» խորագրով իր խիստ ուշագրավ հուշերը, որոնք, Պյոտր Սիբիրցևի «Армения» սրտառուչ բանաստեղծության հետ միասին տպագրվեցին Բաքվի հայկական «Նաշե վրեմյա» թերթի 1919 թվականի համարներում:

Անդրանիկի դեմ Ադրբեջանի ղեկավարության հրահրած այս սադրանքներն էին պատճառներից մեկը, որ 1918-ի դեկտեմբերի կսերին Գորիս՝ Անդրանիկի մոտ ժամանեց բրիտանական առաքելությունը՝ հազարապետ Վիլիամ Գիբոնի ղեկավարությամբ: Ինչպես իր հուշերի նախաբանում գրում է Գիբոնը՝ իրենց առաքելության նպատակներից մեկն էր «տեղեկանալ այն խժդժութիւններուն մասին՝ զորս Թաթարները իրեն (Անդրանիկին, Կ.Վ.) կը վերագրէին միւսլիւման գիւղերուն մէջ գործուած, զինադադարը կնքուելէն յետոյ»: Առաքելությունն ուղարկված էր Բաքվում հաստատված դաշնակից զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Վիլիամ Թոմսոնի կողմից, որը արդեն մոռացել էր, որ հայերն իրենց դաշնակիցներն են և որդեգրել էր ակնհայտ թաթարամետ կեցվածք: Այսինքն, Թոմսոնի ուղարկած պատվիրակությունն ամենևին էլ բարեկամական նպատակներով չէր եկել: Եվ արժանին պետք է մատուցել պատվիրակության ղեկավար Գիբոնին, որ Անդրանիկի հետ առաջին իսկ շփումների ու թաթարաբնակ գյուղերում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պատկառանքով լցվեց հայ զորավարի հանդեպ: Պատկառանք, որը հետագա օրերի ընթացքում վերածվեց մեծարանքի ու ջերմ երկրպագության: Իր առաքելության արդյունքների մասին ընդարձակ հոդվածը բրիտանացի սպան հրապարակեց Լոնդոնի հեղինակավոր «Blackwood’s Magazine» հանդեսի 1919թ. հոկտեմբերի համարում՝ LIAISON ստորագրությամբ: Դժվար չէ ենթադրել, թե ինչու է Գիբոնը թաքցրել իր իրական ազգանունը: Բաքվի նավթով գայթակղված Բրիտանական կառավարությունը անթաքույց թշնամանք էր տածում դեպի հայ զորավարը, իսկ նրա ուղարկած առաքելության ղեկավարը հմայված էր Անդրանիկով…

Հազարապետ Գիբոնի այս հոդված-հուշագրությունը անմիջապես գրավել է սփյուռքահայ մամուլի ուշադրությունը: Այն առաջին անգամ թարգմանաբար հրապարակվել է 1919-ի նոյեմբեր-դեկտեմբերին՝ Եգիպտոսի «Արև» պարբերականում, այնուհետև 1937-ի սեպտեմբերին՝ Ֆրեզնոյի «Մշակ», 1974-ի դեկտեմբերին՝ Բեյրութի «Նայիրի» թերթերում: Ունեցել է նաև այլ հրատարակություններ: Օրինակ՝ որպես առանձին բաժին ընդգրկվել է զորավար Անդրանիկի հոգեզավակ Վազգեն Անդրեասյանի «Անդրանիկ» հուշագրությունում (Բեյրութ, 1982), որտեղից էլ և վերցրել ենք սույն հատորում ներկայացված տեքստը:

Հատորում ներկայացված վավերագրերը ժամանակի հերոսականության և ողբերգականության հարազատ արտացոլանքն են: Եվ, ամենակարևորը, դրանցում երևութանում է ամենահզոր և հռչակավոր Հայի ռազմական հանճարը, ժողովրդի հանդեպ հայրական հոգածությունը և ասպետական վեհանձնությունը:

Կարո Վարդանյան