«Մերօրյա հերոսները». Արթուր Ավետիսյան

Արթուր Ավետիսյան… Զինվորների սիրելի «Դոկտորը», մայորն ու ընկերը… Հերոսի մասին գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը.

«Արթուր Ավետիսյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է: Երկար տարիներ եղել  է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի բուժծառայության պետը: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կամավոր մասնակիցներից է:

Արցախյան վերջին գոյամարտի հենց առաջին օրը Արթուրը «Սև հովազ» ջոկատի կազմում կամավոր մեկնեց առաջնագիծ: Հոկտեմբերի 7-ին նա իր 48-ամյակը նշեց դիրքերում՝ առաջնագծում: Ընկերոջ՝ Հրաչ Դավթյանի փոխանցմամբ՝ Արթուրն ասում էր, որ կյանքում չի մոռանա իր ծննդյան այդ օրը:

«Շատ ուրախ էր, աչքերը փայլում էին: Նույնիսկ մի քանի անգամ փչեց տորթի մոմերը», – հիշում է ընկերը: Սակայն Արթուրի ուրախությունը կարճատև էր. հոկտեմբերի 15-ին նա զոհվեց թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից:

Արթուրը 2 դուստր ունի. մեծ աղջիկը՝ 15-ամյա Ալլան, ապագա բժշկուհի է, հայրենասեր հոր օրինակով կյանքեր պիտի փրկի, իսկ փոքրիկը՝ 7-ամյա Սոֆին, այլևս չի հարցնում, թե երբ է հայրիկը տուն գալու. նա այս հարցի պատասխանն արդեն գիտի…

Կինը՝ Արփինե Ավետիսյանը, պատմում է, որ Արթուրը վայելում էր բոլորի հարգանքը: «Բոլոր իրեն ճանաչողները կարող են դա փաստել: Արթուրը շատ նվիրված էր իր աշխատանքին: Եթե զինվորներից մեկը ջերմություն էր ունենում, ամբողջ ընտանիքով անհանգիստ էինք լինում. շատ էր սիրում իր զինվորներին», – նշում է Արփինեն:

Դուստրերի մեջ դեռ փոքրուց Արթուրը սերմանում էր հայրենասիրություն: «Մեծ աղջիկս անգամ զորամաս էր գնացել հայրիկի հետ՝ բուժկետի զորքի Ամանորը շնորհավորելու: Հիմա Ալլան ասում է. «Շատ լավ բժիշկ պետք է դառնամ, որ հայրիկիս անունը բարձր պահեմ», – ավելացնում է կինը:

Ծառայակից ընկերը՝ ենթասպա Արմեն Ասլանյանը, պատմում է. «Տասը տարի միասին ենք ծառայել: Արթուրը լավ մարդ էր ու լավ բժիշկ: Հեշտությամբ ախտորոշում էր ցանկացած հիվանդություն և արագորեն բուժում նշանակում»: Արթուրի շփման շրջանակն, ընկերոջ խոսքով, շատ մեծ էր, և բոլորի կողմից նրա մարդ տեսակը գնահատված էր:

Մյուս ընկերը՝ 30-ամյա Հրաչ Դավթյանը, որն Արմավիրի դպրոցում ֆիզիկական կուլտուրա է դասավանդում, նշում է, որ Արթուրն իր համար ավագ եղբայր էր: «Ինձ միշտ զերծ էր պահում վտանգավոր քայլերից: Հոկտեմբերի 5-ին, երբ միասին ռազմաճակատում էինք, ինձ շնորհավորեց Ուսուցչի օրվա առթիվ: Շատ նրբանկատ էր, հավատարիմ, ամեն ինչ հիշում էր, միշտ լավատես էր ու երբեք չէր տրտնջում», – ավելացնում է ընկերը:

Անմահ հերոս Արթուր Ավետիսյան… Խոնարհվում ենք…»։