«Առավոտ». Պետք է ինչ-որ լույս տեսնել գոնե հեռավոր ապագայում

«Առավոտ» թերթը գրում է. «Իմ գիտակից ողջ տարիքում, վաղ մանկությու­նից սկսած, այս օրերին մի տեսակ ոգևորություն էի զգում’ շուտով Նոր տարի է, կլինեն նվերներ, կհանդիպեմ ընկերներիս, բարեկամներիս, դպրոց [բուհ, աշխատանք] չի լինի, հան­գիստ կտրվեմ իմ գրքերին: Այդպես էր ամեն տարի: Այդպես էի դիմավորում նաև 2020 թվականը: Առաջին անգամն է, որ իմ սրտում չկա ոգևորության և ուրախության ոչ մի նշույլ: Կա դառնություն, հիասթափություն և զայրույթ:

Չգիտեմ, կիսո՞ւմ են, արդյոք, իմ սերնդակիցներն այս զգացողությունը, բայց ինձ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո թվում է, թե իմ կյանքի վերջին 30 տարին իզուր եմ ապրել. այն, ինչին ես հավատում էի, տապալվեց, փլուզվեց, փոշի դարձավ: Ինձ թվում է՝ Արցախը և հայկական պետությունը ազատ անկման մեջ են, և ես առայժմ շեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր այդ անկումը կանգնեցնել: Հասկանում եմ, որ իմ զգացողությունները շատերը չեն կիսում, մանավանդ երիտասարդնե­րը: Նրանց համար ավելի էական է «Սերժին մերժելը», իսկ հեղափոխական ճղճղան ճառերը և սին խոստումներն առայժմ հնչում են նրանց ականջներում, ու նրանք դեռևս առաջնորդվում են այդ՝ վաղուց արդեն իրեն սպառած օրակար­գով: Դե, եթե նրանք շարունակում են հրճվել հեղափոխության «նվաճումներով» և ցավ չեն ապրում Արցախի և հայկական պետության կորստից, ուրեմն՝ թող ուրախությամբ նշեն Նոր տարին: Հաճելի ժամա՜նց:

Իսկ ես, անկեղծ ասած, չեմ կարողանում իմ մեջ հաղթահարել դառնությունը, չարությունը: Ես դառնացած եմ մեր պետության կրած խայտառակ պարտությունից: Բայց ինձ զայրացնում է նաև այն, որ պաշտոնական քարոզչությունը դա պարտություն չի համարում: Զայրացնում է, որ այդ խայտառակության գլխավոր մեղավորը՝ երկրի վարչապետը, ոչ միայն չի հեռացել իր պաշտոնից և քաղաքականությունից, այլև շարունակում է գրեթե ամենօրյա ռեժիմով խրոխտ ճառեր արտասանել, ինչ-որ «կրուտիտներով» մեղքը գցել «նախկինների» վրա և դարձյալ խոստանալ «պայծառ ապագա»:

Ինձ զայրացնում և ապշեցնում է, որ կան հազարավոր մարդիկ, որոնք այդ «ֆռիկներին» հավատում են ու չեն հասկանում այն աղետի մասշտաբները, որ մեզ հետ պատահել է: Ես խորապես վիրավորված եմ, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել մի թիմ, որը պետություն ղեկավարելու ոչ մի որակ չունի՝ անկախ այն հանգամանքից, որ Պուտինի և Ալիևի համար Հայաստանի ներկայիս վարչապետն առայժմ ձեռնտու է: Բայց չարությունն ու զայրույթը լավ զգացմունքներ չեն: Պետք է ինչ-որ լույս տեսնել գոնե հեռավոր ապագայում՝ այն ապագայում, որն իմ սերունդը դժվար թե տեսնի: Գուցե Ամանորի և Սուրբ ծննդի արձակուրդն օգնի մեզ այդ լույ­սը տեսնելու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: