ՀՀ ՄԻՊ-ը Մոսկվայում հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարարի հետ․ նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները:

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հանդիպումը: Կողմերը մտքերի փոխանակություն են իրականացրել երկու երկրներում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության զարգացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։

Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։