Պաշտպանության նախարարն ինձ ասաց՝ դիրքերը զիջելու համաձայնությունն ի սկզբանե եղել է. Կապանի քաղաքապետ

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի խոսքով, նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ փաստաթղթից հետո սյունեցիները մնացել են նույն դիրքերում, թշնամին՝ ևս մնացել է իր ունեցած դիրքերում։

«Այդ համաձայնագրից հետո թշնամու կողմից նույնիսկ որևէ ագրեսիա չի եղել։ Այնպիսի տպավորություն էր, որ թշնամին էլ է ինչ-որ բանի սպասում։ Ստորագրված փաստաթղթում ոչինչ չկար մեր զբաղեցրած բնագծերից Զանգելանի և Կուբաթլուի շրջանները զիջելու վերաբերյալ։ Բայց մեզ տեղեկացրին, որ այդ շրջանների հետ կապված լինելու են բանակցություններ։ Եվ մենք էլ խնդրեցինք՝ բանակցությունների դեպքում անպայման հաշվի առնել մեր կարծիքը։ Ասեմ, որ որևէ անգամ, որևէ կերպ մեզ հետ կապ չի հաստատվել»,- այսօր ԱԺ-ում հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի քաղաքապետը։

Գևորգ Փարսյանը նշեց, որ իրենք ակտիվ աշխատել են ՊՆ-ի հետ։ Նա վստահություն հայտնեց, որ գեներալները, որոնց հետ իրենք կապի մեջ են եղել, տեղյակ չեն եղել, որ սյունեցիները պետք է լքեն իրենց բնագծերը։

«Ասեմ ավելին, ինչպես գիտեք՝ մենք հանդիպում ենք ունեցել պաշտպանության նախարարի հետ։ Ես այդ հարցը հնչեցրել եմ, թե ո՞նց եղավ, որ փաստաթղթի առաջին կետով նշված է՝ կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ մեզ ասում են՝ զիջեք դիրքերը, և դա այն պարագայում, որ որևէ բանակցություն, քննարկում չի եղել։ Նա ինձ պատասխանեց, որ այդ համաձայնությունն ի սկզբանե եղել է։ Եթե նման համաձայնություն ի սկզբանե եղել է, ապա ինչո՞ւ մենք տեղյակ չենք եղել, ինչո՞ւ էինք մենք ամրացնում մեր դիրքերը։ Համաձայնագրի ստորագրումից հետո մենք պաշտպանության երկրորդ, երրորդ բնագծեր ենք կառուցել։ Նույնիսկ այն կարծիքին ենք եղել, որ կարող է էլի կռիվ լինի այդ հողերի համար, դրա համար ամրացել ենք այդ տարածքի վրա»,- ներկայացրեց Գևորգ Փարսյանը։

Նա նշեց, որ պաշտպանության նախարարից իրենք հարցրել են նաև, թե արդյո՞ք հնարավոր է նոր բանակցություններ ունենալ. «Ասաց՝ չէ, բացառվում է»։

Ուստի, Կապանի քաղաքապետի խոսքով, իրենց ոչինչ չի մնացել անելու, քան այդ դիրքերը զիջելը։