Ստեփանակերտում Ամանորի միջոցառման տոնածառն ու վրաններն ապամոնտաժվել են՝ ժողովրդի պահանջով․ փոխքաղաքապետ. Tert.am (տեսանյութ)

Ստեփանակերտում՝ «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի տարածքում նախատեսված է եղել Ամանորի միջոցառում, տեղադրվել է տոնածառ, սակայն այն այսօր ապամոնտաժվել է:

Սոցիալական ցանցերում նշում են՝ Ամանորի միջոցառումն Արցախում նախատեսել է իրականացնել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Tert.am-ը քաղաքապետարանից մեկնաբանություն խնդրեց, թե արդյոք քաղաքային իշխանությունը դրա հետ առնչություն ունի, թե ոչ։ Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի օգնական Մարիամ Սարգսյանը հայտնեց՝ Ստեփանակերտում տեղադրված տոնածառի հետ քաղաքապետարանը ոչ մի առնչություն չունի:

«Տարածքը, որտեղ ինչ-որ բան կազմակերպվել է, հանդիսանում է Valex Garden-ի մասնավոր սեփականությունը: Տոնածառը տեղադրող կազմակերպչական խումբը որևէ տեղեկություն չի տալիս, թե ում պատվերն են իրականացնում, իսկ ապամոնտաժումը ժողովրդի պահանջն է, և ժողովուրդն է ապամոնտաժում: Կազմակերպիչներն ասում են, մեզ ասել են՝ տեղադրեք, մենք տեղադրում ենք, իսկ պատվիրատուն Հայաստանից է, ինչ-որ հասարակական կազմակերպություն»,- ասաց քաղաքապետի օգնականը:

Այս առթիվ գրառում է արել նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը. «Այն միջոցառումը, որին դեմ է մեր ժողովուրդը, չեղարկվում է»:

«Իմ քայլը» հիմնադրամից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Հյուրանոցային համալիրից ևս չմեկնաբանեցին լուրը՝ նշելով, որ իրենց կայքում նշված հեռախոսահամարը սխալ է: