Քաջարանի քաղաքապետն ազատ արձակվեց

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության որոշումը։

Դատարանից դուրս գալուց հետո քաղաքապետը նշեց, որ դատարանը չբավարարեց նրա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը՝ հիմքերի բացակայության պատճառով:

Քաղաքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, թե կարող ենք արձանագրել, որ  դատական համակարգը շարունակում է գտնվել իր բարձրության վրա և քաղաքական իշխանության պատվերները, այնուամենայնիվ, կարողանում է չկատարել։

«Կալանավորելու համար դատարանը հիմք չի տեսել: Մենք ստիպված ենք լինելու պաշտպանել նաև մեր դատական համակարգը: Ակնհայտ է և այդ մասին է փաստում երեկ շրջանառության մեջ դրված նախագիծը, որ կա քաղաքական որոշում՝ բնաջնջել նաև դատական համակարգը»,-ասաց նա:

Մանվել Փարամազյանը նշեց, որ այս որոշմանը սպասում էր, բայց բնականաբար, կասկած կար, քանի որ ըստ նրա՝ անարդար իշխանության օրերում ենք ապրում: Նա նաև նշեց, որ վերադառնալու է Սյունիք՝ պաշտպանելու դիրքերը:

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի: Քաղաքապետը, սակայն տեղի ունեցողը որակել էր որպես քաղաքական հետապնդում: