Գեղարքունիքի մարզպետը՝ ադրբեջանցիների Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարելու հայտնի տեսանյութի մասին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ համացանցում շրջանառվող տեսանյութը, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են, ապատեղեկատվություն է:

«Հարգելի’ հայրենակիցներ, որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր տարածում են մի տեսանյութ, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։ Տեսանյութն արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ապատեղեկատվությունն է։

Խնդրում եմ հարգանքով վերաբերվել Հայոց բանակին ու հայ զինվորին, ովքեր պատվով կատարում են մեր հայրենիքի սահմանների պահպանությունը։ Առողջ եղե’ք»,- գրել է Սանոսյանը: