Փողերի լվացման համար մշակույթի նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ նախկին դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումների մի շարք հանգամանքներն ու դրանց կատարման մեխանիզմը: Այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեն:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Պ.-ն, 2006թ. զբաղեցնելով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» փոխնախագահը, հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասը, հասարակական կազմակերպության նախագահ, իսկ այնուհետև Իսրայելում ՀՀ դեսպան Ա.Ս-ի օժանդակությամբ դարձրել է հասարակական կազմակերպության սեփականությունը` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Այնուհետև 201.000.000 ՀՀ դրամ գնահատված արժեքով շենքը և հողամասը, որպես ավանդ, ներդրել են նշված հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ հիմնադրված ՍՊ ընկերության կապիտալում` ավանդի չափով ավելացնելով կանոնադրական կապիտալը, որից հետո դարձրել են նշված ՍՊ ընկերության սեփականություն և, նպատակ ունենալով իրականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխանցում, ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասը 550.000 ԱՄՆ դոլարով ձևական գործարքի միջոցով օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ-ի բարեկամին պատկանող ընկերությանը` այդկերպ փորձելով բարդ հանցավոր սխեմայով օրինականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Իսկ հասարակական կազմակերպության նախագահ, Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամի չափով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: