«Գյոռբագյոռ»-2020

Սիմվոլիկ թվերին մեր սրտով սուր անցավ. 88` երկրաշարժ, 99` հոկտեմբերի 27…

2020… որ շուտով կհեռանա:

Ծանր է առաջինը քրիստոնեություն ընդունածի ԽԱՉԸ: Այնտեղ մեղքերն առանց ապաշխարությաւն չեն ներվում. ապաշխարությունն էլ մեկանգամյա չէ, հայոց էներգիան ու առաքելությունը այլ է, և շատերն են ուզում այն կլլել, մանավանդ երբ այն ճիշտ չի գեներացվում, թողնել հային կեսճամփին:

Կտանի՞ սպասվող նոր եկող տարին իր հետ կորուստների այն ահռելիությունը, որի տակ կրկին կքեց հայը, հայ պետականությունը, թանկագին ու սիրելի Արցախը: Երկինք բարձրացած պատանիների հզոր բանակը կվերածվի՞ բարեխոսների վկաների բազմության, որի համար Տերը մեզ կհարցնի` այդ ոսկորները կկենդանանա՞ն: Մենք նրան կասենք` դու գիտես. Տեր մեր: Եվ ոսկորները, ինչպես Աստվածաշնչում, կշարժվե՞ն տիրոջ կամքով, նրանց վրա ջղեր կառաջանա՞ն, քով քովի կգան ու կկենդանանա՞ն… թե սա կլինի մեր վերջին մարտը` տեսակի համար` այս տիեզերքում:

Հաստատապես` ոչ: Բայց ընթացքը ծանր ու երկարատև կլինի, զի ապաշխարության ամեն նաքարկիտը պետք է «աշխատի»:

Եթե, այո. ապա Նոր տարին կդիմավորենք, տարին կեզրափակենք նորովի. առանց երկիրը, մարդկանց, պետությունը թուրքին, դավադիր աշխարհին մատաղ արածների: Ի վերջո, նրանք իրենց սև գործն արեցին, ու մեծ հաշվով կարծես էական էլ չէ այլևս` կա՞ն նրանք, թե` ոչ:

Նրանց դժոխային լինելիությունը էական է այնքանով, որ անեծքը` հայոց տան վրա կախված, նրանց տեսքով, կհեռանա, օճորքը տան` նոր իշխանության տեսքով կսկսի վերականգնվել, նորոգվել:

Մի վերջին անգամ` ցավով ու ափսոսանքով (զսպելով զզվանքը) անդրադառնանք, թե այդ ինչպես կարող էր նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա կնքած դիվային էությունը` երկիրը, հողը, հոգին թուրքին վաճառածն այսքան երկար մնալ քրիստոնեական երկրում, ով ծախել է՝ բառի ամենաիսկական իմաստով, Արցախը, Տղերքի` սերնդի կյանքը, պատերազմը վարել հանուն թշնամու, թշնամու համար, Հայաստանը` Սյունքը, դարձրել թշնամու ոտքի կոխան, երբ ամեն օր, որպես կատարյալ տեռորիստ` երկրում բացում է Օվերտոնի պատուհան, մնացած քիչը նետում այդ պատուհանից` նորից ու նորից թշնամուն` ցինիզմի ամենակարող դիվայինությամբ, երբ տիեզերքում, ուր չի կորչում ոչ մի նաքարկիտ` կա օրենք, դավաճանն ու ուրացողն իսկ (Հուդան) հրաժարվում է ուրացման գին-արծաթից ու ծերակույտին նետում իր երեսուն արծաթը, ապա… ինքնասպանություն գործում:

Խնդիրն ունի հորիզոնական և ուղղահայաց արտածումներ: Հորիզոնականի մասով.

ա. Որքան էլ ցավալի, նույնիսկ սոսկալի` Նիկոլ կոչված երևույթը էթնոսի մոտ տարածականություն ունի. նրան դեռ կուրորեն հավատացողներ կան, գուցե արդեն քիչ` բայց անգամ մեկ-երկուսն էլ բավ են, որ սատանան փորձի շրջել ջրերի վրա`համահավաք պահելով նրանց:

Ի դեպ. սիսիանյան դեպքերն անչափ սիմվոլիկ էին այս առումով. որդեկորույս մայրը իր որդու շիրիմի կողքին ծնկի է գալիս Նեռի առաջ, որպես փրկչի (ներիր նրանց տեր, նրանք չգիտեն, թե ինչ են անում,- հեղ), սակայն մի քանի վայրկյան հետո մեկ քահանա լույսի մեջ է բերում ու ջախջախում Նեռի էներգետիկան` ձեռքի մեկ շարժումով… կոտրելով դժոխքի դարպասները. սա է քրիստոնեությունը, ՇՆՈՐՀԸ, որը նույնպես ապրում է հայի մեջ:

բ. Փաշինյան անվանվածը ձեռնտու է անչափ «մեծ» աշխարհին, ու աշխարհը լուռ, համագործակցված սատարում է նրան, որովհետև վերջինս խաղում է աշխարհի կանոններով` այստեղ, այնտեղ, այլուր, ամենուր, որպես Թուլատ, ու աշխարհը թույլ է տալիս նրան «լինել»:

Եվ որքան էլ ցավալի, սատարողների թվում է նաև մայր-Ռուսաստանը: Ընդ որում, սատարում էր իր երկրի առաջին դեմքի մակարդակով ու խիստ բացահայտ: Ինչն էլ իր արտածումն ունի հայոց ընդդիմության պայքարի պրոեկտումներում.

Բայցև… ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մաշվածքի, այլև իր անկանխատեսելի պահվածքի պատճառով այլևս «հետաքրքիր» չէ Ռուսաստանի համար. ինչը ակնհայտ էր նույն` սյունիքյան դեպքերի ժամանակ, ինչն այլևս ակնհայտ է ընդդիմության վերջին օրերի անչափ գրագետ պայքարում:

Ի դեպ. Սյունիքը դառնում է այն սուրը, որը կարող է անցել ոչ միայն Նիկոլ հորջորջվածի սրտով, այլև դառնալ ալմա-մատեր Իրան-Ռուսաստանի համար` ընդդեմ Թուրքիա-Իսրայել-ԱՄՆ տանդեմի` սպասվող առաջիկա զարգացումների համար:

Ու թույլ տանք մեզ կարծել, որ Սյունիք «այցելած» Նիկոլը չգնաց Գորիս ու Ղափան ոչ միայն այն պատճառով, որ իրեն այնտեղ չէին սպասում, ու հետ էին «շպրտելու»՝ որպես դավաճան, այլև որ այն, ինչ կատարվում էր Սյունյաց սարերում ու ճամփեքին, նաև Ռուսաստանի սրտով էր, որովհետև այդ ճամփեքին «ժամանակ կորցնել» Ռուսաստանը չէր ցանկանում, մանավանդ երբ ողջ աշխարհը շունչը պահած սպասում է իրանա-իսրայելական խոր «ձեռնամարտին»` Բայդենի պաշտոնավարումից հետո:

գ. Ուստի չբացառենք, որ Նոր տարին`Ռուսաստանի այս մոտեցման, ընդդիմության գրագետ պայքարի, «թավիշ» կոչվող դիվայինության` լույսի մեջ գալու-թուլանալու, իսկ որ ամենակարևորն է` Աստծուն ճանաչող, կրկին նրա փեշի տակ հավաքվող հայ ժողովրդի արցունքների ու ապաշխարության շնորհիվ` «ախ էրնեկ էս նոր տարին» դիմավորենք`առանց մեր մեծ մեղքի հանդերձանքի, նրա գերագույն մարմնացում`հայոց տունը քանդող դավաճանի:

Ասենք` այո և ամեն:

Կարմեն Դավթյան