Հայաստանում թե ինչ-որ բան կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով. Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանել է, հանցագործը պետք է նստի բանտում, ինքը հանցագործ է: Այս մասին այսօր Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Փողոցից ցանկացած մեկին վերցրեք, դրեք էնտեղ, Հայաստանի համար 10 անգամ ավելի լավ կլինի»,- ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նշեց, որպեսզի իշխանությունների հեռացման գործընթացը տեղի ունենա քաղաքակիրթ ճանապարհով, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի:

«Եթե մենք ուզում ենք գնալ քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն, չքանդենք պետությունը, ապա այստեղ ժողովուրդը պետք է մասնակցի: Եթե 100 հազար մարդ այստեղ լիներ, հիմա հարցը վերջացած կլիներ, բայց այդ 100 հազարավոր մարդիկ կան չէ՞, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են: Հետո գիտեք, մեր ժողովուրդն էլ է մեղք, դեպրեսիայի մեջ է, 2.5 տարի առաջ ոտքի բարձրացավ՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ: Բայց ժողովուրդը այդ դեպրեսիվ վիճակից դուրս կգա: Հայաստանում ինչ-որ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Նրա խոսքով՝ որքան շուտ հեռանա այս իշխանությունը, այնքան Հայաստանի կորուստները քիչ կլինեն:

«Սյունիքը ավելի շատ պահպանած կլինեինք, եթե շուտ վերջացնեինք այս գործը: Հիմա կուշացնենք, էլի բան կկորցնենք: Հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որտեղ կֆիքսեն այդ սահմանները, հետո մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու այդ սահմանները հետ վերադարձնելու գործում: Ամեն մի օր մի բան կորցնում ենք մենք: Պատերազմը շարունակվում է, ակտիվ ֆազան վերջացավ, հիմա էլ գնում է սողացող օկուպացիան Հայաստանի»,- նշեց Վազգեն Մանուկյանը: