«Փաստ»․ Փաշինյանը փորձում է արհեստական հարցեր առաջ քաշել, շեղել հանրության ուշադրությունը և մոռացության մատնել կապիտուլյացիան

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական դաշտում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ստորագրումից հետո հասունացել է կառավարության հրաժարականի հարցը։ Հենց այդ օրակարգի շուրջ է, որ ընդդիմադիր ուժերը և մեծ թվով քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և անհնազանդության ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բայց այս պահանջը լոկ իշխանափոխության ցանկություն չէ։ Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունները՝ որպես մեր պետականության սուվերենության խորհրդանիշ, ուղղակի գոյություն չունեն։ Նրանց համար կարևորագույն հարցերը պետք է լուծի ՌԴ-ն։ Իսկ եթե Ռուսաստանը պետք է լուծի սահմանների, անվտանգության, գերիների փոխանակման և այլ հարցեր, ապա այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի Հայաստանում այս իշխանության գոյությունը։

Նույն կերպ հարցը վերաբերում է, օրինակ՝ Հադրութի շրջանում Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարձակմանը և հրադադարի խախտմանը, երբ մեր իշխանությունը, որպես հրադադարի հայտարարությունը ստորագրած կողմ, խուսափում է դրան արձագանքելուց, իսկ վարչապետի խոսնակն էլ հայտարարում է, թե դրան պետք է արձագանքեն ռուսները։ Բացի այդ, այլ կարծիք չի կարող լինել այն հարցում, որ մեզ խայտառակ պարտությանը հասցրած իշխանությունները պետք է հեռանան, քանի որ նրանք բացահայտորեն նույնականացվում են կապիտուլյացիայի հետ և ի զորու չեն առաջնորդել երկիրը ճգնաժամային փուլում և դուրս հանել գլորված փոսից։ Բայց ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակում։

Ինչպես պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսների ներքո մարդկանց ուղեղալվացում կատարեցին ու առաջնորդեցին դեպի պարտություն, այնպես էլ պատերազմի ավարտից հետո Փաշինյանի ու նրա թիմի հույսը մանիպուլյացիաներն են։ Վերջինս փորձում է արհեստական հարցեր առաջ քաշել, դրանով շեղել հանրության ուշադրությունը և մոռացության տալ կապիտուլյացիան, զոհերին ու տարածքային կորուստները։ Ու ամեն անգամ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով մի թեմա են հորինում, գցում հանրային քննարկման դաշտ և կեղծ հակադրություն ու աղմուկ ստեղծում դրա շուրջ։ Այդպես Փաշինյանը սկզբում փորձեց փոփոխությունների իմիտացիա ստեղծել՝ մի շարք նախարարների ու մարզպետների փոխելու և կադրային փոխատեղումներ կատարելու միջոցով։

Բայց երբ տեսավ, որ դրա միջոցով չի ստացվում ժամանակ շահել, փորձեց ներկայացնել վեցամսյա ճանապարհային քարտեզ, թե իրենք կարևոր խնդիրներ ունեն առաջիկայում լուծելու։ Եթե չստացվի, ապա այդ դեպքում արդեն միասին կորոշեն ընդառաջ գնալ քաղաքացիների պահանջներին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դժգոհությունները դրանից հետո ևս չեն նվազում։ Եվ այս անգամ էլ Փաշինյանի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրվեց «էլիտար բունտի» մասին թեզը, թե իբր կառավարության հրաժարականը պահանջում է ոչ թե ժողովուրդը, այլ նախկին իշխանությունները և նրանց հետ կապված շրջանակները, որոնք զրկվել են իրենց նախկին արտոնություններից։ Ու այդ նպատակից է հետևում այն, որ Փաշինյանը փորձում է խուսափել պարտության պատասխանատվությունից և այն միտումնավոր տարածել նաև նախկինների վրա։

Դրա համար էլ վերջինս փորփրել և գտել է 2010 թ. վարչատարածքային բաժանման մի օրենք, թե իբր այդ օրենքով սահմաններն արդեն գծվել են նախկին իշխանությունների օրոք և իրեն մեղադրելու տեղ չկա։ Այլ հարց է, թե ներքին օրենքն ինչ կապ կարող է ունենալ միջպետական համաձայնագրի հետ: Բայց դա էլ նույնիսկ մի կողմ. չէ՞ որ Փաշինյանի իշխանությունն ուներ բոլոր հնարավորությունները և լիազորությունները այդ օրենքը փոխելու համար։ Չէ՞ որ իրենք այս երկուսուկես տարվա ընթացքում նախկինից եկող բազմաթիվ օրենքներ և օրենսդրական նախաձեռնություններ են փոխել։ Իսկ ինչո՞ւ այդ օրենքը չեն փոխել, եթե այն ձեռք չէր տալիս։ Ու ընդհանրապես, երկիրը կապիտուլյացիայի հասցնելու համար ինչ-որ օրենք վկայակոչելը աբսուրդի ժանրից է։ Էլիտար շրջանակներին ու նախկիններին մեղադրելու փոխարեն ավելի նախընտրելի կլիներ, որ վերջինս գոնե համարձակություն ունենար արձագանքել Ադրբեջանի նախագահ Ալիևի հոխորտանքներին։

Առնվազն դրանով Փաշինյանը ցույց կտար, որ իշխանությունն արժանապատվություն ունի և երկիր է ներկայացնում։ Քաղաքացիներն էլ կտեսնեին, որ իրենք իշխանություն ունեն, որը քիչ թե շատ կատարում է իր առաքելությունը։ Այնինչ երկրում տոտալ անիշխանություն է, Փաշինյանը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև միակ խնդիրը, որ անթերի կատարում է, անընդմեջ ընդառաջ է գնում հակառակորդի անտրամաբանական պահանջներին, դրա համար էլ իրեն հանրության գիտակից հատվածը մերժում է»: